ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունները կեղծելու եւ ամեն գնով հաղթանակի հասնելու՝ ՀՀ իշխանությունների կիրառած տեխնոլոգիաները գնալով կատարելագործվում են: Դեռ 1996թ. Հայաստանում հիմնադրված «ընտրակեղծիքների ինստիտուտը» լուրջ էվոլյուցիա է ապրել եւ  պարբերաբար հանդես է գալիս նորարարություններով: Դրանց շարքում առանձնանում է քաղաքական ծաղրածուների ներմուծումը, որոնք, գովազդային ընդմիջման դեր կատարելով, ապահովում են այն գորշ ֆոնը, որի վրա պատվիրատուն սկսում է երեւալ ավելի դրական հատկանիշներով:
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախկին բիրտ մեթոդներին փոխարինեցին քաղաքակիրթ մեթոդները, ինչը, իհարկե, առաջընթաց է այս ոլորտում: Օրինակ՝ արձանագրենք իշխանությունների վերջին ձեռքբերումները՝ ընտրակաշառքների ծավալի եւ գումարների ավելացումը, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու եւ «արանքից հանելու» նոր մեթոդաբանությունը` իրենց շարքերը քաշելու եւ իշխանության կազմում ընդգրկելու ճանապարհով, եվրոպական դիտորդների հետ ընտրությունների վերաբերյալ դրական գնահատական ստանալու մասին պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերը եւ այլն: Այսքանին պետք է ավելացնենք «գովազդային ընդմիջումները» քաղաքական դաշտում:
Ինչո՞ւ գովազդային ընդմիջում եւ ո՞ւմ կամ ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը, իհարկե, մանր-մունր ու չգիտես որտեղից հայտնված նախագահի թեկնածուացուների մասին է, որոնք երբեմն կատարում են խեղկատակի դեր, երբեմն հանդես գալիս իրարամերժ հայտարարություններով: Հայտնվում եւ «ծիկ» են անում մեկումեջ՝ հիմնական խոշոր խաղացողների արանքում, եւ կարծես թե ընդմիջում հանդիսանում՝ միաժամանակ ստեղծելով բարձր տրամադրություն, քանի որ մեր ժողովուրդը ցանկացած պայմաններում էլ հումորի զգացումը չի կորցնում: Մարդկանց ծիծաղեցնելու գործընթացի մեջ այս մանր ֆիգուրները գիտակցված կամ ոչ գիտակցված գովազդում են խոշոր ֆիգուրներին, մասնավորապես գործող իշխանության ներկայացուցչին, քանի որ իրենց ֆոնի վրա դիցուք Սերժ Սարգսյանը վեր է հառնում որպես բացարձակապես դրական կերպար՝ գոնե իր լրջությամբ եւ ավելի իրատեսական ծրագրերով գերազանցելով նրանց: Ահա այսպես էլ թեկնածուիկները դառնում են «գովազդային ընդմիջում»` ընդմիջում են, ուրախացնում եւ գովազդում:
Քննարկենք մեկ-երկուսին: Նախկին ՀՅԴ-ական, իսկ ներկայում անկուսակցական Հովիկ Աղազարյանը դեռ դեկտեմբերի 12-ին՝ ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել էր, որ եթե ՀՅԴ-ն հանդես գա սեփական թեկնածուով, ինքը կհանի իր թեկնածությունը: Իսկ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հաճույքով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը (վերջինիս առաջադրվելու դեպքում): Եթե մարդը նույնիսկ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում, մնացած հարցերի, օրինակ՝ նախընտրական ծրագրերի մասին խոսելն արդեն ավելորդ է:
Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրերին, օրինակ՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը որպես նախընտրական ծրագիր ներկայացնում է «Սասնա ծռեր» էպոսը՝ վստահ լինելով, որ այնտեղ կան բոլոր հարցերի պատասխանները: Սակայն այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր. ասենք՝ նախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում ինչպե՞ս է վարելու Հայաստանի հարկային քաղաքականությունը, այն դեպքում, երբ ներքին հարկերի գանձման մասին էպոսում ոչ մի տող չկա: Ուրեմն հարկեր այլեւս չե՞ն լինելու: Իսկ պետական բյուջեն ինչպե՞ս է գոյանալու… Կան դրվագներ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Դավիթը ծեծում եւ ջարդում հարկահաններին, նույնիսկ հարկահանի ատամները հանում եւ շարում ճակատին: Խոսքը, իհարկե, դրսի հարկահանների մասին է: Այսօր դրսի հարկահան չունենք, բայց ներսում ունենք մի ամբողջ համակարգ, առանց որի, ի դեպ, պետությունը չի կարող գոյատեւել: Ակամայից մարդ սկսում է մտահոգվել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ճակատագրով: Տեսնես ի՞նչ է սպասվում նրան Վարդան Սեդրակյանի ընտրվելու դեպքում:
Այս ծաղրածուությանը վերջ չկա, օրինակները բազմաթիվ են, իսկ անհանգստացնող հարցը՝ մեկը. որտեղի՞ց հայտնվեցին այդ թեկնածուները, եւ ո՞ւմ է ձեռնտու նրանց գոյությունը: Սովորաբար գովազդը պատվիրում է գովազդատուն` գովազդելու իր արտադրանքը կամ իրեն: Տվյալ դեպքում գործ ունենք անուղղակի PR-ի հետ. ներկայացվում է ֆոնը, որը շատ ողորմելի է, իսկ ողորմելի ֆոնի վրա նույնիսկ ամենաբացասական երեւույթը կսկսի մի փոքր դրական երեւալ, եւ, ի վերջո, ընտրողը կընտրի չարյաց փոքրագույնը:
Սակայն իշխանությունները պետք է նաեւ գիտակցեն, որ ծաղրածուների ներմուծմամբ կարող են վերջնականապես խեղաթյուրել ընտրություն հասկացությունը եւ ընտրողների համար այն վերածել պարզապես փող աշխատելու միջոցի: Իսկ դա վաղ թե ուշ բումերանգի էֆեկտով խփելու է հենց իշխանությանը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս