Հուլիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում քննարկվեց ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Ներկա էին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ղեկավար կազմը, ծառայությունների պատասխանատուները:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը:
Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծով գրանցվել է 78 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի դիմաց, աճը կազմել է 10 դեպք կամ 14.7%:
Ոստիկանության պետը, մեկ առ մեկ վերլուծելով չբացահայտված հանցագործությունները, պատասխանատուներից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք կատարող անձանց հայտնաբերելու և հանցագործությունները բացահայտելու համար:
«Առաջին հերթին մեր գործունեության հիմնական շեշտադրումը պետք է ուղղենք հանցագործությունների կանխարգելմանը, ասել է թե ակտիվացնենք պրոֆիլակտիկ ծառայությունները, անշեղորեն ապահովենք հասարակական կարգն ու հասարակության խաղաղ կենսագործունեությունը: Անաչառ եղեք ձեր ենթակաների հանդեպ, ձեր օրինակով պահանջեք նրանցից արդարամտություն և անկողմնակալություն: Համոզված եղեք, որ դրանց ճիշտ դրսևորման դեպքում այն վարակիչ կդառնա նաև ողջ հասարակության համար», – նշեց գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Ոստիկանության պետը կարևորեց նաև անչափահասների շուրջը ճամբարներում և ըստ բնակության վայրի տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը՝ պահանջելով անհատական մոտեցում և հետևողականություն ցուցաբերել մատաղ սերնդին ճիշտ արժեհամակարգերով դաստիարակելու գործում: