Եթե պետք է ուղղակի դեմ լինեն դեմ լինելու համար, դա արդեն այլ խնդիր է. Հովհաննես Սահակյանը` սահմանադրական բարեփոխումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «դիմադրության լայն ճակատ» ստեղծել Սահմանադրության փոփոխությունների դեմ: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Նախագծի բովանդակությունն ապացուցում է ՀԱԿ-ի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ խորհրդարանական համակարգի անցման քողի տակ Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է եւ իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը»:

«Այսպիսով՝ սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման եւ անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված եւ ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով…Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի եւ, ընդհանրապես, ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ ազգային կոնգրեսն իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձեւավորելու համար եւ կոչ է անում քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները, միանալ պայքարին »,-նշված է ՀԱԿ հայտարարությունում:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու համար, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն` հակազդելու համար սպասվելիք դիմակայությանը:

-Պարո՛ն Սահակյան, արդեն հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, արդյո՞ք այն ամբողջությամբ ուսումնասիրել եք, այն պատկերացումները, որոնք կային «հայեցակարգում», արդյոք զետեղվել են ներկայացված տարբերակում:

-Նախ մի շատ հետաքրքիր փաստ արձանագրենք, Սահմանադրության նախագիծը, որն արդեն հրապարակվել է, քննարկման նյութ է: Ու երկրի նախագահը, որը նախաձեռնել է այս գործընթացը, նշել է, որ այս նախագիծը քննարկման համար է, ու դրա մասին բարձրաձայնել են նաեւ իմ կուսակիցները: Բազմիցս նշվել է, որ մենք պատրաստ ենք քննարկումների ու Սահմանադրությունն էլ ավել համապատասխանեցնելու այն պատկերացումներին, որոնք ունեն մեր քաղաքական բոլոր ուժերը, այսինքն՝ նրանք, ովքեր կտեղափոխվեն քննարկումների բովանդակային դաշտ: Հետեւաբար պետք է ասեմ նաեւ, որ Սահմանադրության մասին մեր քաղաքական դաշտի գործընկերների քննադատություններն ու տեսակետները, թե պետք է Սահմանադրությունում այս կետը ներառված լիներ եւ այլն, այդ ամենը ամփոփված է նոր Սահմանադրության նախագծում: Օրինակ՝ մշտապես նշել են, որ պետք է անցնել կառավարման խորհրդարանական մոդելին, քանի որ դա ավելի ժողովրդավարական է եւ այլն, եւ այլն, նշվում էր, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում ավելի ճիշտ կլինի, գործընթացներն ավելի արդյունավետ կլինեն, իսկ վստահությունն էլ ավելի բարձր կլինի ու նմանատիպ մի շարք հարցադրումներ, որոնք այսօր արտացոլված են նոր Սահմանադրության նախագծի մեջ:

-Բայց այդ նույն ուժերը նոր Սահմանադրության նախագծին դեմ են արտահայտվում, անգամ հայտարարում են, որ դա արվել է միայն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանելու համար: Եթե չլինի քաղաքական կոնսուլիդացիա, ի՞նչ է պատրաստվում այդ դեպքում անել իշխանությունը:

-Եթե քաղաքական ուժերը պետք է ուղղակի դեմ լինեն դեմ լինելու համար, դա արդեն այլ խնդիր է: Բայց մենք սպասում ենք Սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման ու ուզում ենք բովանդակայինի մասին խոսք լսել: Մենք կարծում ենք, որ եթե դեմ են, ապա պետք է հստակեցնեն, պարզաբանեն, թե ինչու են դեմ: Կան քաղաքական ուժեր, որ, այո՛, հայտարարում են, թե Սահմանադրության փոփոխությամբ իշխանությունը վերարտադրության հարց է լուծում, դա դրա համար մշակված ձեւ է, մոդել է, ու մենք իբրեւ թե ժողովրդին հանում ենք առճակատման, եթե առճակատում, սրացում չլինի, իշխանափոխություն չի լինելու: Բոլորս էլ գիտենք, որ իշխանափոխությունը լինում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված ընտրակարգով, այն է՝ ընտրությունների միջոցով գալ իշխանության, ձեւավորել կառավարություն եւ այլն: Հետեւաբար, ես կարծում եմ, որ բոլորիս նպատակը դա է՝ ունենալ առավել ժողովրդավարական, ավելի մեր պատկերացումներին հարիր երկիր, իսկ դրա համար պետք է գնալ բացառապես այդ ճանապարհով:

-ՀԱԿ-ում եւս վստահ են, որ սա իշխանությունների վերարտադրման ծրագիր է, ու կոչ են անում դիմադրության լայն ճակատ ստեղծել: Արդյոք Ձեզ համար բավարար չեն քաղաքական ուժերի եւ հանրության մի զգալի մասի բացասական արձագանքները, որպեսզի վերանայեք Ձեր որոշումը:

-Ես նշեցի, որ կան նման տեսակետներ կրողներ, որոնք նման մտքեր են արտահայտում, մեր գերխնդիրը, մեր նպատակն այստեղ այն է, որ մենք բովանդակային քննարկումներ ծավալենք եւ ունենանք բովանդակային տեսակետ: Ովքեր որ մեզ կհամոզեն հակառակի մեջ, մենք էլ մեր դիրքորոշումը կներկայացնենք: Դա է ճիշտ տարբերակը, մենք առաջարկում ենք բովանդակային քննարկում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս