«Սինջար»-ը եզդիներին կոչ է անում փրկության հույսը չկապել միջազգային կառույցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների եւ գերտերությունների բարի կամքի հետ: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

«2014 թվականի օգոստոսի 3- ին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում։ ԻԼԻՊ -ի զինյալները հարձակվելով եզդիաբնակ տարածքների վրա ստիպում էին մարդկանց կրոնափոխ լինել ։ Հրաժարվելով ընդունել իսլամ՝ եզդիները ենթարկվեցին անմարդկային բռնությունների։ Ահաբեկիչները սպանեցին հազարավոր եզդիների, գերեւարեցին հազարավոր եզդի կանանց եւ երեխաների։ Միայն Շանգալի մարզից գաղթի ճամփան բռնեցին 400 հազարից ավել եզդիներ։Հազարավոր եզդիներ փախչելով ահաբեկիչների վայրագություններից բարձրացան մոտակա լեռները, մնալով առանց ապաստանի , ջրի ,սննդի ,բժշկական օգնության ,ամեն պահի սպասելով իսլամիստների հերթական հարձակմանը։ Փախստական դարձած եզդիները ապաստան գտան Իրաքի այլ բնակավայրերում, Սիրիայում, Թուրքիայում: Շատերը շարունակում են մնալ լեռներում։

«Իսլամական պետությունը» խմբավորումը գրավելով բոլոր եզդիական բնակավայրերը անխնա կոտորեց այդ տարածքներում բնակվող եզդիներին։ Արդեն մի տարի է անցել վերոնշված դեպքերից, սակայն եզդի զինյալներին դեռեւս չի հաջողվում ազատագրել իսլամիստների գրաված տարածքները։

Այս հալածանքներին զոհ գնացին ավելի քան 20 հազար եզդիներ,

400 հազարից ավել եզդիներ դարձել են փախստական,

5000 -իվ ավել եզդի կանայք եւ աղջիկներ գտնվում են գերության մեջ,

3600 եզդի համարվում է անհայտ կորած,

10-ից ավելի եզդիական սրբավայրեր ոչնչացվել են։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտելով տեղի ունեցած ցեղասպանությունը միեւնույն ժամանակ աշխարհի բոլոր եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների եւ գերտերությունների բարի կամքի հետ: Մենք ինքներս պետք է մարենք մեր պատմական հայրական տունը այրող կրակը:

Կոչ ենք անում նաեւ ՀՀ բոլոր բարեգութ քաղաքացիներին աջակցել Հայաստան տեղափոխված եզդի փախստական ընտանքիներին: Աստված եւ Տաուսի Մալակը մեզ բոլորիս պահապան»:




Լրահոս