Հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը ՊՆ նախկին խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին երեկ նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով: Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց Ս. Շահսուվարյանի հետ:
-Պարո՛ն Շահսուվարյան, ինչո՞ւ որոշեցիք ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը եւ դառնալ ԿԸՀ անդամ:
-Ես պաշտպանության նախարարությունում 20 տարի ծառայել եմ ու օրինական կարգով անցել եմ թոշակի: Մինչեւ բանակ գալը, ես 23 տարի բախտ եմ ունեցել աշխատել շրջանում՝ լինելով շրջանային կուլտուրայի տան տնօրեն: Եթե գիտեք, այն տարիներին բոլոր ընտրությունները կազմակերպվում եւ անց էին կացվում կուլտուրայի տներում: Ես, լինելով այդ հիմնարկի ղեկավարը, անցնում էի այդ հանձնաժողովներով որպես անդամ, նույնիսկ՝ նախագահ: Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մեջ ես բավականին մեծ փորձ ունեմ: Այնպես որ, հենց այնպես չէ, որ ես համաձայնեցի: Երբ Մարդու իրավունքների պաշտպանն ինձ հետ զրուցում էր, նա դա նկատի ուներ, եւ իրեն հետաքրքրում էր` ես մոռացե՞լ եմ այդ ամենը, թե՞ ոչ: Բնականաբար՝ ոչ, ոնց կար, այդպես էլ մնացել է: Դա էր հիմնական առիթը, որ համաձայնեցի ու գնացի այդ աշխատանքին:
-Պարո՛ն Շահսուվարյան, Դուք 20 տարի զինվորական եք եղել եւ հրաման կատարող: Հիմա հոգեբանորեն դժվար չէ՞ լինել, այսպես ասած, թելադրողի դերում: Թե՞ կշարունակեք հրաման կատարողի կարգավիճակում մնալ:
-Դուք մոռանում եք` ես ով եմ եղել: Ես ջութակահար եմ, հետո ռեժիսոր, հետո մանկավարժ, աշխատել եմ համալսարանում: Հիմա էլ դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, կուրս եմ ղեկավարում: Ես Կառավարությունում էլ եմ աշխատել: Զինվորական լինելը պայմանավորված էր երկրի վիճակով: Ես բանակ գնացել եմ առանց մտածելու, որ հետագայում կարող եմ գնդապետ դառնալ: Այն ժամանակ բոլորս գնում էինք, որովհետեւ հայրենիքին զինվոր էր պետք: Այնպես ստացվեց, որ ժամանակավորապես գնացի բանակ, եւ ժամանակավորապեսը մի քիչ երկարեց` 20 տարի: Ես բանակ եմ գնացել հեռուստատեսությունից: Հիմա նորից քաղաքացիական կյանքի եմ վերադարձել: Ես Ձեր իմացած զինվորականներից չեմ եղել, որ բացարձակ զինվորական են:
-Համաձայն չե՞ք, որ ԿԸՀ-ն այն կառույցն է, որը վստահություն չունի հասարակության շրջանում: Եվ այսօր Դուք հենց այդ կառույցում եք աշխատում:
-Համաձայն եմ մի առումով, որ ես կփորձեմ պաշտպանության նախարարությունում աշխատած իմ 20 տարիների ազնիվ փորձը այստեղ էլ կիրառել ու ազնիվ աշխատել: Կփորձեմ այս կառույցի վստահությունն ավելի բարձրացնել:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անելու, որպեսզի բարձրանա ԿԸՀ-ի նկատմամբ վստահությունը:
-Կաշխատենք, կտեսնենք: Կարծում եմ` միակ քայլն այն է, որ արդար ընտրություններ պետք է կազմակերպենք:
-Իսկ դա հնարավոր կլինի՞ Հայաստանում:
-Միանշանակ հնարավոր է: Անհնար ոչ մի բան չկա: Լավատես եմ եղել միշտ՝ թե՛ քաղաքացիական կյանքում, թե՛ զինվորական: Եթե լավատես չլինեինք, պատերազմ չէինք հաղթի, լավ բաներ չէինք անի այս երկրում:
Քրիստինա Աղալարյան