Այս օրերին առավել շատ քննարկվող թեման Սերժ Սարգսյանի վերարտադրության հնարավորությունն է, որը առաջին հերթին կապվում է Սահմանադրության փոփոխության հետ: Իհարկե, առաջարկվող նախագծով ընձեռնվում է դրա իրագործման միանգամից մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում էլ Սերժ Սարգսյանը, այսպես թե այնպես, ապահովելու է իր իշխանության երկարաձգումը:
Սակայն դեռ մեծ հարց է` արդյոք ՀՀԿ ղեկավարին կհաջողվի կրկնել իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից անցկացված 2005 թվականի «ուրվականների հանրաքվեի» փորձը եւ կյանքի կոչել Սահմանադրության` ներկայացված խայտառակ նախագիծը: Իրականում անցած տասը տարիներին շատ բան է փոխվել, եւ այսօր ՀՀԿ-ի համար նույնքան հեշտ չի լինելու կեղծել հանրաքվեի արդյունքները:
Իսկ դրա թիվ մեկ խոչընդոտը ներկայումս քաղաքացիական նախաձեռնություններն են: Ուստի եւ քաղաքական ուժերին վնասազերծելու փետրվարյան օպերացիան հաջողությամբ ավարտելուց եւ «քաղաքական չարիքից» ձերբազատվելուց հետո Սերժ Սարգսյանի թիմը ձեռնամուխ է եղել քաղաքացիական հատվածի պառակտման եւ վարկաբեկման գործընթացին:
Հենց Բաղրամյան 26-ի կողմից գործադրված ջանքերի համատեքստում պետք է դիտարկել այն, ինչի ականատեսն ենք հունիսի 28-ից սկսած, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը, ըստ էության, նահանջեց եւ հուսախաբ արեց իրեն հավատացած համակիրներին, իսկ նրան փոխարինելու եկած նոր համակարգողներն էլ նոր քայլերի դիմելու անկարողության արդյունքում հոգնեցրին Բաղրամյանում մնացած ցուցարարներին:
Սակայն, ըստ էության, չբավարարվելով դրանով եւ փորձելով վերջնականապես վարկաբեկել ընդդեմ էլէկտրաէներգիայի թանկացման պայքարող այդ շարժումը` փորձ արվեց վերաձեւավորել այն ձախողակ քաղաքական գործիչների առաջնորդությամբ եւ Հանրապետության հրապարակում սկսել այնպիսի մի անհաջող «ներկայացում», ինչի արդյունքում արդեն հանրային համակրանքի այն հսկայական կապիտալը, որը շարժմանը հաջողվել էր կուտակել Բաղրամյանում, գրեթե ամբողջովին փոշիացավ:
«Կլոունադայի» վերածված բռնոցին ոստիկանների հետ եւ այս օրերի անհասկանալի հայտարարություններն ու գործողությունները, կարելի է ասել, ոչ միայն շեշտակիորեն նվազեցրին էլէկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջին հետամուտ լինելու` շարժման քաղաքական ռեսուրսները, այլեւ, առհասարակ, անլրջացրին քաղաքացիական պայքար հասկացությունն ինքնին:
Դժվար է ասել` արդյոք շարժման ներկայիս դերակատարները դրան գիտակցելով գնացին, թե պարզապես տրվեցին ստեղծագործ գաղափարների բացակայությամբ պայմանավորված դատարկությանը, սակայն հստակ է, որ Սերժ Սարգսանին քայլ առ քայլ հաջողվում է վնասազերծել նաեւ «քաղաքացիական չարիքը»` ի կատարումն Սահմանադրության փոփոխությամբ երաշխավորվող իր իշխանության երկարաձգման գերնպատակի: