ՀՔԾ ՊԵՏՆ ՈՒ ԻՐ ՓԵՍԱՆ «ԲԱԽՎԵԼ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը Արամ Հարությունյանն է, որն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:

Եվ այսպես՝ օգոստոսի 4-ին հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ:
Իսկ ինչ սխալ է թույլ տվել քննիչը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քաղաքացի Ժաննան դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում խուզարկություն է կատարել, սակայն իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի որոշման հետ, որ իր բնակարանում, ըստ օրենքի, պետք է թույլ տան խուզարկություն կատարել:
Ավելին` Ժաննայի պատմելով՝ նույն օրը՝ երեկոյան, քննիչը նրան առանց ծանուցագրի տարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ նա պետք է ցուցմունք տա: Ժաննան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն այս հանգամանքը, ըստ էության, չի խանգարել քննիչին, քանի որ վերջինս, անկախ ստեղծված իրավիճակից, ցուցմունք է վերցրել Ժաննայից:
Արդյունքում, Ժաննայի խոսքերով՝ հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, սակայն քննիչի կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության ներքո նա ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ:
Եվ, ահա, կնոջ այս հաղորդման հիման վրա էլ ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է նախաքննություն:
Այս դեպքը ուշագրավ է այնքանով, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:
Ստացվում է, որ Վահրամ Շահինյանի նախագահությամբ գործող գերատեսչությունը պետք է քննի իր փեսայի ղեկավարած կառույցի աշխատակցի գործողությունները: Արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության մասին, դժվար է ասել:
Միգուցե նախաքննության ընթացքում պարզվի, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան` Արամ Հարությունյանը, տեղյալ է եղել իր ղեկավարած կառույցի քննիչի գործողությունների մասին, եւ, ահա, այս դեպքում Վահրամ Շահինյանը արդյո՞ք իր փեսային եւս պատասխանատվության կենթարկի, թե ամեն գնով ջրից չոր դուրս կբերի: Իհարկե, չի բացառվում, որ ՀՔԾ պետի փեսան` Արամ Հարությունյանը, տեղյակ չի էլ եղել, թե քննիչը գործն ինչ հանգամանքներում է քննում: Այնուամենայնիվ, կարծում ենք` ՀՀ գլխավոր դատախազությունը, այս գործում առկա ազգակցական կապը հաշվի առնելով, եւ հետագայում պաշտոնեական դիրքի այլ չարաշահումների դրսեւորումներից խուսափելու նպատակով այս քրեական գործը պետք է ուղարկի այլ իրավական կառույց` նախաքննությունը շարունակելու համար:
Իսկ ո՞ր կառույցին կարող է բաժին հասնել այս գործը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը այն չի ուղարկի ՀՀ քննչական կոմիտե, քանի որ խոսքը քննիչների մասին է: Եվ եթե ՀՀ քննչական կոմիտե չի ուղարկվի, ՀՔԾ-ում էլ կա ազգակցական կապ, ապա ամենայն հավանականությամբ գործը կքննվի ազգային անվտանգության ծառայությունում: Հուսանք, որ ԱԱԾ-ում էլ ազգակցական կապը կամ պաշտոնեական դիրքը որեւէ դերակատարություն չի ունենա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԳԱՐԱԿԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Օգոստոսի 4-ին Ագարակ քաղաքում հնչած կրակոցների մեջ մեղադրում են Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին: Համենայնդեպս, Ագարակի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանը, որի ուղղությամբ հնչել են կրակոցները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս կրակոցները կազմակերպված է Ագարակի քաղաքապետի ձեռքով:
Ըստ ոստիկանության՝ ժամը 02:00-ին մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ ժամը 22:30-ի սահմաններում անհայտ անձը հարվածել է իր ամուսնու` Ստեփան Հովհաննիսյանի ավտոմեքենային, այնուհետեւ անհայտ անձինք հետապնդել են իր ամուսնուն եւ կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մահափորձի ենթարկված Հովհաննիսյանը կատարվածում մեղադրում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին: Իսկ, ահա, քաղաքապետը հայտարարել էր, որ ինքը կապ չունի այս մարդկանց եւ, առհասարակ, միջադեպի հետ: Ավելին՝ ըստ նրա՝ Հովհաննիսյանները քաղաքապետարանի հետ տարածքի զավթման խնդիր են ունեցել, ուստի միտումնավոր կերպով տեղի ունեցած միջադեպը կապում են իր հետ:
Իսկ, ահա, մահափորձի ենթարկված տղամարդու կինը՝ Անահիտ Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միանգամայն այլ բան պատմեց. «2008 թվականին Ագարակում ՏԻմ ընտրություններ էին, թեկնածուներն էին երկու ՀՀԿ-ականներ Մխիթար Զաքարյանն ու Մայիս Խաչատրյանը: Մենք մեր ձայնը Մայիս Խաչատրյանին էինք տվել, ու սրանից Մխիթար Զաքարյանը զայրացել էր: Արդեն 7 տարուց ավել է` նա հետապնդում է մեզ, ընտանիքիս: Եվ սա մահափորձի առաջին դեպքը չէ: Նախկինում մի քանի անգամ եւս նա կազմակերպել է մահափորձը: Ու զարմանալի զուգադիպությամբ` ամեն անգամ, երբ քաղաքում միջադեպեր են լինում, քաղաքապետն այստեղ չի լինում»:
Ավելին՝ Անահիտ Ոսկանյանը վստահ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ՏԻՄ ընտրություններին Մխիթար Զաքարյանին ձայն չեն տվել, նրա կողմից հետապնդվում են. «Ով նրան չի ընտրել, պարտադիր վրեժ է լուծում, կա՛մ ընտանիքի անդամներին է նեղում, կա՛մ եթե բիզնես ունեն, խլում են ձեռքից: Նա, որ ասում է, թե հողի պատմություն է եղել պատճառը, ստում է: Մենք ունեցել ենք հողի պատմություն, բայց նա դատը շահել է, կրակոցների հետ դա կապ չունի: Պարզապես նրա նպատակն է եւս մի ագարակցու արտաքսել Ագարակից: Սա առաջին դեպքը չի, մի անգամ եւս մահափորձ է եղել, ամուսնուս ավտովթարն են կազմակերպել: Հարձակումներ են եղել, չի ստացվել: Տեղի իրավապահների թեթեւ ձեռքով այդ բոլոր կոնֆլիկտները ծածկվել են, կորել են: Տուժվողը միշտ մենք ենք եղել»:
Իսկ, ահա, մահափորձի ենթարկված Ստեփան Հովհաննիսյանն ասաց, որ եթե հողի խնդիր է եղել, թեպետ այդպես չէ, ապա արդյո՞ք հարցի լուծումն իրեն սպանելով պետք է լուծեն: Ըստ նրա՝ իր շենքի մուտքի պատին դիպել է 12 փամփուշտ, մի քանիսն էլ այլ ուղղություններով են արձակվել, միթե սա է ելքը:
Իսկ թե արդյո՞ք քաղաքապետը կանգնած է այս ամենի հետեւում, ցույց կտա քննությունը, եթե, իհարկե, արդար քննություն անցկացվի:

 

 

 

 

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ: Դիմումի համար հիմք է հանդիսացել դատապարտյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը, որով փաստաբանը դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել եւ բացի դրանից՝ պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել: Օմբուդսմենը կարծում է, որ դատապարտյալի պաշտպանի բողոքի մերժման որոշումը պատշաճ պատճառաբանված չի եղել:

 

«ԳԻԺ ԵՆ ՀԱՆՈՒՄ»
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Armtimes.com հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղլի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նեւրաստենիա»: Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար: Այս հանգամանքը, սակայն, հաշվի չի առնվել Բուդաղյանների գործով Տիգրան Խաչատրյանի ցուցմունքների դեպքում: Եթե Տիգրան Խաչատրյանն իրոք «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ունի, ապա կարող է հարց ծագել թե՛ Սդղլի գյոլի, թե՛ Բուդաղյանների գործով նրա ցուցմունքների հավաստիության առթիվ:

 

«ԱԼԻԲԻ» ՈՒՆԻ
«Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում րոպեի ճշգրտությամբ պարզվել եւ հիմնավորվել է դեպքի օրը Գարեն Աթաջանյանի այլուրեքությունը (ալիբին)»,- Panorama.am-ին տեղեկացրել է Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը: «Բացի այդ, եթե հիշում եք՝ մենք հիմնավոր կերպով ներկայացրել էինք, որ Աթաջանյանը չի ճանաչել եւ չի ճանաչում Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին, ուստի միջնորդություն էր ներկայացվել՝ պարզելու այդ հանգամանքը: Այդ միջնորդությունը բավարարվել է, սակայն առ այսօր տեղյակ չենք, թե այդ կապակցությամբ ինչ է ձեռնարկել քննչական մարմինը», -ասել է փաստաբանը:




Լրահոս