Այլոց կամակատարի պիտակներ կպցնելուց առաջ, վատ չի լինի՝ նախ մաքրել սեփական ճակատը հին ու նոր «օքեյներից» մնացած խորը հետքերից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ներկայացրած 10 պատճառներին` երեկ հայտարարել է, թե տարօրինակ է, որ Օսկանյանն այսքան ուշացումով է արձագանքում այս հարցին` ենթադրելով, թե` «Երևի պապաներից օքեյ չէր ստացել, այլ կերպ չեմ կարող բացատրել: Ինչպե՞ս կարող է մարդը լինել հայ քաղաքական գործիչ ու նման երեւույթին անմիջապես չարձագանքել: Սա այն դեպքը չէ, որ պիտի մտածես՝ ինչ ասեմ: Եթե դու քաղաքական գործիչ ես, վաղուց քո հայեցակարգը պիտի ունենայիր: Օրինակ՝ ես այսօր չեմ խոսում երեկ հնարված ինչ-որ բանի մասին, այլ չորս լեզուներով տպագրել ու տարածել եմ իմ նախագիծը, որը տասը տարի առաջ է դրվել շրջանառության մեջ»:

Իհարկե, ի տարբերություն Հայրիկյանի, Օսկանյանը «համեստորեն» բավարարվել էր ընդամենը տասը նկատառումների ներկայացմամբ, այն էլ, ըստ ամենայնի, առավելագույնը երկու` հայերեն եւ անգլերեն լեզուներով: Եւ, ի դեպ, նա սահմանադրական փոփոխությունների շուրջ իր բացասական դիրքորոշումը հայտնել էր նախագծի 1-7 գլուխների հրապարակման հաջորդ իսկ օրը: Սակայն դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ Հայրիկյանը սխալվում է «օքեյ»-ի հարցում: Ինչպես հայտնի է, Օսկանյանն իր ողջ գործունեության ընթացքում առանց այդ «օքեյ»-ի որեւէ քայլ չի կատարել, սակայն բավականին համարժեք ինքնագնահատական ունենալով` ըստ էության, չի էլ փորձել դա հերքել:

Այլ բան է «սիմվոլը», որը հատկապես վերջին երկուսուկես տարիներին հանդես է եկել «օքեյ»- ների այնպիսի անմոռանալի կատարումներով, որ դրանց հետեւանքները դեռ երկար տարիներ չեն մոռացվի: Համենայն դեպս, 2013-ի նախագահական ընտրություններից առաջ ստացած հրազենային վնասման հետեւանքով Հայրիկյանը կարող էր փոխել պատմության անիվը` եթե, ի վերջո, դիմեր ՍԴ, որի արդյունքում պետք է նոր ընտրություններ անցկացվեին: Նման բան, նա, սակայն, չարեց: Հետաքրքիր է՝ այդ օրերին, երբ նա մեկ հայտարարում էր, թե անկասկած դիմելու է ՍԴ, ապա հերքում, հաջորդ օրը` դիմում, իսկ արդեն մեկ օր անց` դիմումը հետ վերցնում, ահա այդ ողջ ընթացքում ովքեր էին այցելում նրա հիվանդասենյակ եւ ինչ պայմաններով էին փոխանցում «օքեյ»-ները:

Եվ կամ` տակավին վերջերս, երբ նա որոշեց Եվրամիության դրոշներով գնալ Բաղրամյան պողոտա` հստակ իմանալով, որ դա շահարկվելու է եւ թույլ չի տրվելու ԵՄ դրոշի բարձրացումն այդ զուտ սոցիալական ցույցին, ում «օքեյ»-ն էր ստացել այդ ժամանակ: Ի վերջո, մարդիկ միամիտ չեն եւ շատ լավ հասկանում են, թե ում բեմադրած ներկայացման դերակատարն էր Հայրիկյանն այդ օրը, եւ ողջ աշխարհին ցույց տալով Երեանի սրտում ոտնակոխ արված ԵՄ դրոշը՝ ում հաճոյանալու համար էր արված այդ ամբողջը: Այնպես որ` այլոց կամակատարի պիտակներ կպցնելուց առաջ, վատ չի լինի՝ նախ մաքրել սեփական ճակատը հին ու նոր «օքեյներից» մնացած խորը հետքերից:




Լրահոս