«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ միջադեպի գործով դիմում կարող է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծել էր իրենց դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը՝ Նատալյա Սարգսյանին:
Այնուհետեւ կողմերը մեկը մյուսի դեմ դատական հայցեր էին ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Մեկուկես տարի հայցերը քննելուց հետո դատարանը, ի վերջո, որոշել էր մերժել կանանց բողոքները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Նատալյա Սարգսյանը վճիռը բողոքարկել է: Պարզվում է՝ դեռեւս 2015 հունիսի 3-ին ՀՀ վճռաբեկ դատարանը այս գործով որոշում է կայացրել եւ վարույթ չի ընդունել ծեծված ծնողի բողոքը: Այժմ հարցերի հարցը այն է՝ արդյոք տիկնանց կռիվը կտեղափոխվի միջազգային հարթակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե ոչ: