ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը․ Եվրոպական դատարանի պատմական որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական դատարանը պատմական որոշում է կայացրել, որը կարող է փոխել ժամանակակից ֆուտբոլը։ Դատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի՝ 2021թ․ «Սուպերլիգայի» ստեղծումն արգելելու գործողությունները:

Դատարանը վճռել է, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը: «Սուպերլիգայի» վերաբերյալ այս կազմակերպությունների կանոնները հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցման ազատությանը:

«ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնները, ըստ որոնց՝ ցանկացած նոր միջակումբային ֆուտբոլային նախագիծ, ինչպիսին «Սուպերլիգան» է, պետք է նախապես հավանության արժանանա նրանց կողմից, հակասում են ԵՄ օրենսդրությանը: Ակումբներին և խաղացողներին այլ մրցումներում խաղալ արգելելը անօրինական է։

Միևնույն ժամանակ, դատարանը նշում է, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնները, որոնք վերաբերում են մեդիաշուկաների օգտագործմանը, վնասում են եվրոպական ակումբներին, մեդիաշուկաներում աշխատող բոլոր ընկերություններին և, ի վերջո, սպառողներին ու հեռուստադիտողներին՝ թույլ չտալով նրանց վայելել նոր և պոտենցիալ նորարարական կամ հետաքրքիր մրցումներ», – ասվում է դատարանի որոշման մեջ։

Հատկանշական է, որ 2021թ․ Մադրիդի առևտրային դատարանը ևս կանգնել էր «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողքին, երբ նրանք դատարանից պահանջել էին դադարեցնել կարգապահական հետապնդումները Եվրոպայի «Սուպերլիգա» կազմակերպելու փորձերի համար:

ՈւԵՖԱ-ն, ի պատասխան, պահանջել էր դատավոր Մանուել Ռուիս դե Լարայի ինքնաբացարկը, սակայն մերժում ստացել: Ավելին, ՈւԵՖԱ-ն տուգանվել էր և պարտավորվել փոխհատուցել դատական ծախսերը: Այնուհետ գործը հասավ Եվրոպական դատարան։

Ընդգծենք, որ այս պահին «Սուպերլիգայի» նախագծում մնում են միայն «Ռեալն» ու «Բարսելոնան», իսկ ստեղծման պահին «Սուպերլիգայի» մաս էին կազմում 12 ակումբ՝ անգլիական «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին», իսպանական «Ատլետիկո Մադրիդը», «Բարսելոնան», «Ռեալը», ինչպես նաև իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»:




Լրահոս