ՈՐԴՈՒՆ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մանկավարժական համալսարանի բակում 32-ամյա կինն իր երեխայի հետ մուրացիկություն է անում` ձեռք մեկնելով անցորդներին քաղցած չմնալու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ո՞րն է կնոջ այդ վիճակում հայտնվելու պատճառը, իսկ մուրացիկ կինը սիրահոժար պատմեց իր եւ որդու պատմությունը. «Կասեմ` հույս ունեմ, որ մեկը մեզ կօգնի»,- «Ժողովուրդ»-ին էլ խնդրեց ինչ-որ կերպ օգնել իրեն ու իր հաշմանդամ որդուն: Փողոցներից գումար հավաքող կինը Հասմիկ Դավթյանն է, որն ասաց. «Մենք էս վիճակում ենք, որովհետեւ իմ տղեն հիվանդ ա, հաշմանդամ ա, մինչեւ 18 տարեկանը նրան հաշմանդամություն են տվել»: Հասմիկն իր խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար մեզ անմիջապես ցույց տվեց այն թուղթը, որտեղ գրված է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, Մանկական մասնագիտացված ԲՍՓ, տեղեկանք մինչեւ 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության որոշման` Իսահակ Դավթյանին վերականգնողական բուժում»: 3-ամյա Իսահակն ու մայրը տուն չունեն, հայրն իրենց լքել է, զրկելով որդուն եւ կնոջը տնից, իրենք էլ այժմ ապրում են` «էն ժամանակ պապայենցս տուն, Սարի թաղում էինք մնում, հիմա վարձով Քանաքեռ-Ավանում ենք մնում,  20.000 դրամ եմ տալիս, բայց էնքան ցուրտ ա, լույս չունենք` 5000 դրամ պարտք ենք, անջատել են, դե ի՞նչ անեմ, ուզում եմ մի քիչ հավաքեմ, տամ, որ գոնե լույսս միացնեն, փեջ եմ վառում` գառդոն, ծառի ճյուղ, կոշիկ, ես եմ էստեղից էնտեղից էտ բաները հավաքում վառում, դե մի բան, որ տաքանանք էլի»: Հասմիկն ասաց` «Սերժ Սարգսյանին էլ եմ դիմել, ասել եմ, որ տուն չունենք ես ու էրեխես, բայց դե մերժել են, իրենց ընդունարան եմ դիմել, էն Բաղրամյանի վրա որ կա, էնտեղ էլ եմ գնացել, ասում են չունենք, բյուջե են ասում, ի՞նչ են ասում, ասեցին դրանից չունեն, ես քաղաքապետարան էլ եմ գնացել տան համար, բայց ոչ մի բան չեն արել»: Հասմիկը պատմեց, որ. «Իսահակը մտավոր հետամնաց ա, իրան լուրջ  օգնություն ա պետք, իրա համար օրեկան պիտի հաց առնեմ, վարձը պիտի տամ, հազար ու մի խնդիր ունի իմ էրեխեն, ի՞նչ անեմ, ասում են տար տուր մանկատունը թող պահի, բայց ես տենց բան չեմ անի, իմ էրեխու հետ ես տենց չեմ վարվի, իրա հերը թողեց, գնաց, բայց ես չեմ թողի, որ իմ էրեխեն սոված մնա, ավելի լավ ա ես ժողովրդից մի քանի կոպեկ հավաքեմ, իմ էրեխուն դրանով ուտելիք առնեմ, քան տանեմ քցեմ մանկատները»: 32-ամյա կինը պատմեց, որ ոչ բոլոր օրերին է դուրս գալիս փողոց գումար հավաքելու համար. «նայած օր եմ գալիս, էրեխեն կմրսի, հո չե՞մ կարա ամեն օր բերեմ, համ էլ հո էս ժողովուրդը ամեն օր ինձ փող չի տա, օր ա լինում, որ մի 500 դրամ հազիվ հավաքում ենք»: Հասմիկի խոսքերով` իրենք ոչ միայն Մանկավարժական համալսարանի մոտ են մուրացիկություն անում, այլ նաեւ քաղաքի տարբեր փողոցներում: Մեր հարցին, թե մինչեւ ե՞րբ է պատրաստվում ողորմություն խնդրելով գոյությունը քարշ տալ, Հասմիկը անկեղծ պատասխանեց. «Ես մենակ տուն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի»:  ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս