«Հայֆիլմ»-ը դառնալու է ընդամենն էժանագին սերիալներ արտադրող բիզնես ինդուստրիա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետեւ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։

Այն, որ անցած տասը տարիներին «Հայֆիլմը»՝ որպես ֆիլմարտադրող ընկերություն, մեռած էր, անհերքելի փաստ է: Ընկերության սեփականատերերը սկզբնական փուլում հայկական կինոյի մի քանի դասական գլուխգործոցները թվայնացնելուց եւ «Հայֆիլմ»-ի լոգոն փոխելուց անդին այդպես էլ չանցան: Ավելին՝ մասնագետների պնդմամբ՝ անգամ այդ մի քանի ֆիլմերի թվայնացումն էլ կատարվեց աղաղակող թերություններով ու բացթողումներով, ինչի արդյունքում հայկական կինոյի ոսկե ֆոնդի գլուխգործոցները շատ դեպքերում ներկայացված են բնօրինակից նկատելի շեղումներով:

Ինչեւէ, խորհրդային տարիներից մնացած հսկայական կինոֆոնդը եւ ռեսուրսային բազան այսօր արդեն գրեթե փոշիացվել է, եւ այս ամենի համար մեղավոր են ոչ միայն ընկերության սեփականատերերը, այլեւ կոնկրետ այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին հովանավորեցին եւ առաջ տարան այս գործարքը:

Մինչդեռ մասնագետները դեռեւս այն ժամանակ ահազանգում էին, որ նոր սեփականատերը (որն այն ժամանակ նաեւ «Արմենիա TV»-ի սեփականատերն էր) մեր ազգային հարստությունը համարվող մշակութային այս անգին ժառանգությունը ծառայեցնելու է բացառապես սեփական բիզնես շահերին, եւ «Հայֆիլմը» դառնալու է ոչ թե հայկական կինոյի անունը բարձր պահող նոր գլուխգործոցների դարբնոց, այլեւ ընդամենը էժանագին սերիալներ արտադրող բիզնես ինդուստրիա: Սակայն ամբողջ տասը տարի պահանջվեց, որպեսզի ՀՀ իշխանություններն ի վերջո փորձեն քայլեր ձեռնարկել ի սկզբանե սխալ եւ ձախողակ այս գործարքը չեղյալ անելու ուղղությամբ:

Կհաջողվի դա, արդյոք, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցի պատասխանն առավելապես կախված է նրանից, թե որն է Գաֆեսչյաններից եւ Սարգսյանների ընտանիքից «Հայֆիլմը» «վերցնելու»՝ իշխանությունների իրական մոտիվացիան: Արդյոք այս դեպքում էլ գործընթացը չի արվում այն նույն տրամաբանությամբ եւ նույն նպատակով, ինչպես որ արվեց «Արմենիա TV»-ի դեպքում, երբ այն հանձնվեց Սերժ Սարգսյանի ընտանիքի տնօրինմանը: Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան. «Հայֆիլմն» այսօր կարիք ունի ոլորտին քաջագիտակ, շահագրգիռ եւ իրական ներդրումների պատրաստ սեփականատիրոջ, որը կկարողանա վերածնել հայկական կինոն:




Լրահոս