2014թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին արտարժույթի մեր շուկան ցնցվեց, երբ սպեկուլյացաների միջոցով գումար վաստակելու փորձ արեցինք գրեթե բոլորս, կարելի է ասել` մի ամբողջ ազգ: Ոմանք իրոք տրվեցին համընդհանուր, չհիմնավորված խուճապին, ոմանք պարզապես փորձեցին օգտվել առիթից: Բայց արդյունքը մեկն էր` տուժեցինք բոլորս:
Երբ տնտեսագետները, թեկուզ` սակավաթիվ, անցած տարեվերջին կանխատեսում էին, որ դրամի արժեզրկումը լինելու է կարճատև և ոչ այն չափով, որ բանիմաց «մասնագետների» մի մեծ բանակ պնդում էր, քչերն էին նրանց լսում: Ընդհակառակը, լսելով բանիմաց «մասնագետների» խորհուրդին` վերջին փողերով դոլար գնել, քանի որ շուտով դրամի ու աշխարհի վերջն է, ստեղծեցին դոլարի նկատմամբ ավելորդ և չհիմնավորված պահանջարկ: Արդյունքը տեսանք և մեր սեփական մաշկի վրա զգացինք բոլորս: Բարձր կուրսով դոլար գնածները շուկայի կարգավորումից հետո ստիպված եղան այն վաճառել ցածր կուրսով` կրելով վնասներ: Արդյունքում` սխալ պլանավորման, հակասական կանխատեսումների և արհեսատական ձևավորված սպասումների շնորհիվ դոլարը մի քիչ աճում է, ազգովի «քցվում ենք» գնելու:
Մեկ անգամ մենք ինքներս ականատես եղանք, թե արտարժույթի շուկան ինչպես երկու շաբաթում կայունացավ, բանկերը բնականոն շարունակեցին իրենց աշխատանքը և ոչ մի կանխատեսված «ռուսական» ճգնաժամ էլ մեզ մոտ չեղավ:
Հիմա կարծես թե նույնն է կրկնվում, առանց հաշվի առնելու, որ Ռուսաստանի և առավել ևս Ղազախստանի պարագայում մենք գործ ունենք այլ տնտեսությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված են նավթի գնի տատանումներից: Այո, մենք փոխկապակցված են այդ երկրների հետ, բայց ոչ այդքան ուղղակի: Թերևս սա այն դեպքն է, երբ միջազգային շուկայից կտրված տնտեսություն ունենալը մի դրական կողմ ունի:
Անցած տարի այս հարցին բազմիցս անդրադարձել ենք: Գոնե այս անգամ սովորենք մեր սխալների վրա, չտրվենք խուճապին և չմտնենք ավելորդ ռիսկերի տակ:
Անի Ստեփանյան