ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ռեւանշիզմը պարտվեց: «Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, եւ սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է»,-հավաստիացրեց Դալլաքյանը:
-Պարո՛ն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում հայտնի «խիարը թարս է բուսնում» արտահայտությունն ինչո՞վ կբացատրեք:
-Ես 17 տարվա պատգամավորական փորձ ունեմ ու ասեմ, որ ընդհանրապես քարոզչության ընթացքում, ասենք, տարբեր երեւույթներ, տարբեր նրբերանգներ կարող են տեղի ունենալ: Ես չեմ կարծում, որ լրագրողները պետք է աքցենտները դնեն, ասենք, նման երեւույթների վրա: Նույնիսկ ծիծաղելի եմ համարում, ասենք, որ հիմնական հարցադրումները թողած՝ անդրադառնում են նման հարցերին: Ես ուզում եմ ավելի ուրիշ ու լուրջ գնահատականներ տալ: Իսկ նման բաներին, վարունգի պատմությունը եւ այլն, եւ այլն… Ձեզ էլ առաջարկում եմ ավելի թեթեւ ու մի քիչ էլ հումորով վերաբերվել:
-Իսկ ո՞րն է Ձեր ասելիքը:
-Նախագահական ընտրությունների հետ կապված՝ ես ուզում եմ երեք բան նշել: Ուրեմն առաջին անգամ Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների մեկնարկին ռեւանշիզմը պարտվեց: Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, եւ սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է: Երկրորդը՝ որոշակիորեն կամ մեծապես նվազել է քարոզչության ընթացքում օլիգարխիկ-կրիմինալ ֆակտորի դերակատարությունը: Եթե նկատել եք, Ս. Սարգսյանը քարոզչությունը մենակ է վարում: Եւ, ընդհանուր առմամբ, ես սա էլ եմ համարում լուրջ ձեռքբերում: Երրորդ՝ ես սա էլ համարում եմ Ս. Սարգսյանի ընդհանուր քաղաքական հաջողություններից մեկը. չի գործում թեկնածուների կողմից միմյանց ոչնչացնելու սկզբունքը, եւ չի գործում ընդդեմ սկզբունքը, գործում է հանուն սկզբունքը. երբ թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը ու նպատակ չի դնում ոչնչացնելու դիմացինին:
-Բայց, դրանով հանդերձ, Ս. Սարգսյանը շատ կոպիտ քարոզչություն է իրականացնում «դրսում»:
-Այն, ինչ տեղի է ունեցել Պարույր Հայրիկյանի նկատմամբ, կարող եմ ասել, որ կրակել են Հայաստանի Հանրապետության վրա, գործող իշխանությունների վրա ու հենց Սերժ Սարգսյանի վրա, որովհետեւ բացարձակապես միայն խելագարության կանխավարկածով առաջնորդվելու դեպքում կարելի է մտածել, որ դա ձեռնտու էր Ս. Սարգսյանին: Ինչպես 2008թ. մարտի 1-ը բացարձակապես ձեռնտու չէր Ս. Սարգսյանին, այնպես էլ այն կրակոցը, որը եղել է Պ. Հայրիկյանի վրա, բացարձակապես ձեռնտու չէր Ս. Սարգսյանին: Իսկ ինչ վերաբերում է մամուլի գնահատականներին՝ կապված  վարունգի, Չեբուրաշկայի եւ այլն… ուրեմն ես ասեմ՝ նախագահական ընտրությունների ընթացքը նաեւ ունի իր կիքսերը, իր նրբերանգները, ուղղակի կհորդորեի չծանրանալ դրա վրա: Նկատեք, թե ինչ մթնոլորտ է Հայաստանում, այսօր վախի մթնոլորտ չկա, ով ինչ ուզում է՝ խոսում է, եթե նկատում եք: Ես էլ, ասենք, քարոզչության ընթացքում եղել է, որ մարդու վիրավորել եմ, հետո շատ փոշմանել եմ: Գնացել տանն անգամ պատմել եմ:
-Պարո՛ն Դալլաքյան, գուցե Սերժ Սարգսյանն իր վրա վստահ չէ, եւ դա՞ է պատճառը, որ քաղաքացիներին վիրավորելով՝ փորձում է իրավիճակից դուրս գալ:
-Գիտեք ոնց է, միգուցե լարվածությունից, մարդ ես, էլի, հո մեքենա՞ չես: Օրինակ՝ ինձ հետ էլ է նման բան եղել, որ, ասենք, հետո շատ զղջացել եմ, նույնիսկ գնացել եմ այդ մարդու տուն՝ Վանաձորում, ասել եմ՝ կներեք, հիմա մի քիչ էլ ես ջղայնացա, գիտեք ինչ, հիմա կողքից կարող է մարդուն պրովոկացիայի են ենթարկում, մարդուն հավասարակշռությունից հանում են, ինչ ասես՝ կարող է լինել: Բայց հրապարակային գործիչն ամեն ինչի պետք է պատրաստ լինի: Եթե նկատել եք, այս երեւույթներից հետո Ս. Սարգսյանի մոտ, ուրեմն, որոշակիորեն ավելի փոխվել է վերաբերմունքը: Ասեմ նաեւ, որ 1995թ.-ից ճանաչում եմ Ս. Սարգսյանին, շատ քննադատել եմ, նաեւ համագործակցել եմ, համագործակցում եմ, ես կարող եմ ասել, որ մարդկային որակների առումով բարեկիրթ, դիմացինին լսող ու մարդասեր անձնավորություն է: Ես չեմ ուզում բառեր շռայլել, ես իմ գնահատականներն ունեմ: Դրա համար ես իր կողքին եմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս