ԱՌԱՎՈՏՅԱՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ, ԵՐԵԿՈՅԱՆ ՀԵՏ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Սերժ Սարգսյանի «խիարի» հետ կապված պատմությունը «չի կարելի ընդհանուր կոնտեքստից հանել, դա ժողովրդական բանուխոսքի ասացվածքներից է»:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի եկեղեցու բակում Սերժ Սարգսյանը մոտեցել էր մի տարեց տղամարդու եւ հետաքրքրվել. «Հայրի՛կ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»: Ի պատասխան՝ այդ մարդն ասել էր, թե ամենամեծ խնդիրն այն է, որ «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»: «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»,-ասել էր Ս. Սարգսյանը, որին էլ պապիկը հակադարձել էր. «Եթե զավոդ լիներ, աշխատեին, չէին գնա»: Այս խոսքերին հետեւել էր Ս. Սարգսյանի «գերինտելեկտուալ» պատասխանը. «Գյուղում զավոդ լինե՞ր… Ա՛յ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի՛կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»:
-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը մարդկանց հետ շատ կոպիտ է խոսում, ի՞նչն է պատճառը:
-Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի կոպտում, կարծում եմ՝ ավելի շատ փորձում են դա այդպես ներկայացնել, քան այդպես կա: Իսկ «խիարի» հետ կապված պատմությունը  չի կարելի ընդհանուր կոնտեքստից հանել, դա ժողովրդական բանուխոսքի ասացվածքներից է: Խնդրի էությունն այն է, որ ամեն ինչ չէ, որ պետք է մեղադրել, սա է իմաստը: Ես մեղավո՞ր եմ, որ մեր լրագրողները բանուխոսքը վեր են ածում սենսացիաների: Ե՛ւ սովորական հանդիպումներում, ե՛ւ ներսում, ե՛ւ կուսակցությունում, ե՛ւ դրսում բազմաթիվ անգամ ականատես եմ եղել, որ նա շատ հարգանքով է վերաբերվում բոլորին, անգամ իր ընդդիմախոսներին:
-Իսկ ինչո՞ւ եք առանձին-առանձին քարոզչություն իրականացնում. ՀՀԿ-ականներն առանձին են քարոզում, Ս. Սարգսյանը միայնակ է շրջում:
-Բայց ենթադրենք՝ բոլորս գնանք, Ս. Սարգսյանի կողքը կանգնենք, դա քարոզչությո՞ւն է, հիմնական քարոզիչը ինքն է: Դա իր գրաֆիկի հետ կապ չունի, յուրաքանչյուր մարզում, գյուղում քարոզչական խմբեր ունենք, որ ամեն օր առավոտյան դուրս են գալիս, երեկոյան հետ գալիս, արդյունքների մասին հաղորդում: Հաջորդ օրը՝ նորից:
-Ըստ Ձեզ՝ հունվարի 31-ին հնչած կրակոցներն ի՞նչ էին ենթադրում, ո՞ւմ էին ուղղված:
-Մեր ժողովրդի, բոլորիս դեմ, բոլորս, փաստորեն, տուժող կողմ ենք համարվում:
-Բայց ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանի վրա ուղղվեց բոլորին վերաբերվող այդ սլաքը:
-Շատ լավ կլինի՝ պատկան մարմիններն արագ բացահայտեն ու ժողովրդին ինֆորմացնեն: Դեպքը տեղի է ունեցել, ու գնահատականը մեկն է, որ դա ոտնձգություն էր ընտրությունների դեմ: Պ. Հայրիկյանի հետ ես շատ մոտ եմ, նա երբեւիցե Հայաստանում թշնամիներ չի ունեցել: Ես հիմա ոչինչ չեմ կարծում, ուզում է դրսից լինի, ուզում է ներսից, այստեղ կարեւորը բացահայտումն է, որպեսզի ժողովուրդը կարողանա տեղյակ լինել կատարվածի ամբողջության մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս