Armlur.am-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ս.թ. օգոստոսի 19-ի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չեն հարուցվել և կատարողական գործողություններ չեն իրականացվել:
Հիմքեր կան ենթադրելու, որ հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում: Միհրան Պողոսյանի հրամանով հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցված են մինչև ծառայողական քննության ավարտը: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար: Նշենք, որ Հարկադիր կատարման ծառայությունը հետամուտ է նման դեպքերի բացահայտմանը՝նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ: