ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԺԿ-Ն ԿԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԻ՞
168.am-ը փորձել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից տեղեկանալ, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ծրագրին: «Նախ եւ առաջ՝ ուզում եմ ասել, որ նման խոսակցություններ շրջանառվում են, սակայն ՀԱԿ-ում ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ուղղությամբ որեւէ քննարկում չի եղել: Ասեմ նաեւ, որ ՀԺԿ-ի օրակարգում եւս նման հարց չկա»,-ասել է Դեմիրճյանը, ըստ աղբյուրի` այդպիսով  հայտարարելով, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու դեպքում ՀԺԿ-ն չի ինքնալուծարվի եւ չի միանա նոր ձեւավորվող կուսակցությանը:

ՉԵՆ ԳՏԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ առայժմ Վ. Օսկանյանի եւ Լ. Զուրաբյանի առանձնազրույցը գաղտնալսող եւ այն համացանցում տեղադրող հանցագործը հայտնաբերված չէ. «Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը, «Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ են արվել www.youtube.com ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը»:

ՊԱՐՈՒՅՐԻ ՄՈՏ
Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը` 43-ամյա Կոստյա Բուդաղյանը, փետրվարի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վթարի է ենթարկվել: NEWS.am-ի  տեղեկություններով` նա վթարի է ենթարկվել իր մեքենայով տուն գնալու ճանապարհին, երբ մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՂՃԻՆ
«Մեր խեղճուկրակ ստոմատոլոգներին բժշկությունից հանեցին, մտցրեցին սֆեր ուսլուգ, էդ էլ չիմացանք՝ ինչի: Ինչի՞ են սաղին նույն թվերի տակ դնում, ինչի՞ են հարկն ամսվա սկզբից վերցնում: Հո ստաբի՞լ չի մեր եկամուտը: Մի ամիս գործ կա, մի ամիս չկա: Չենք խոսում ռայոնների մասին, որտեղ 90%-ն աշխատում են նիսյայով՝ կովը մորթենք, բերենք ծախենք՝ կտանք: Մարդիկ առողջական խնդիր ունեն, ընդառաջ ենք գնում: Կինը գալիս է, ատամները սարքում, որ մարդը խոպանից գա, փողը տա: Մեկը գալիս է, ասում է՝ ատամս քաշի՛, որովհետեւ դա էժան է: Մեր խղճի վրա է դա, մենք բուժում ենք՝ հարմարվելով»,-«Առավոտ»-ին իրենց բողոքն են ներկայացրել ատամնաբույժները:  

ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ
Պարույր Հայրիկյանին երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանմունք: «Միայն գնդակից առաջացած հեմատոման ճնշում է առաջացնում ուսի հատվածում, սակայն ոչ մի վտանգավոր բան չկա»,-«Ա1+»-ին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը` նշելով, որ հիվանդի վիճակը լավ է։ Հնարավոր է՝ Հայրիկյանը  երկու-երեք օրից դուրս գրվի՝ կախված վերքի վիճակից:

ԽԵԼՔԻ ԵԿԱՆ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ դատախազը հրաժարվել է անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Արման Վեզիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից։ Դատական նիստում մեղադրող Ա. Աբրահամյանը միջնորդել է դադարեցնել Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:




Լրահոս