Ինչպես և կանխատեսվում էր, արտարժույթի շուկան արդեն իսկ փոքր-ինչ հանդարտվեց: Փաստորեն, եթե բնակչությունը տեղի չի տալիս ասեկոսեներին և արհեստածին մեկնաբանություններին ու դոլար գնում է կոնկրետ նպատակով` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե «հետո ավելի կաճի» կարգախոսով, ապա ոչ մի ճգնաժամ էլ մեզ մոտ չի ծագում:
Հայաստանը փոքր երկիր է, սուտ թե ճիշտ լուրերն արագ են տարածվում, ու մարդիկ հաճախ գործում են մեկը մյուսին նայելով: Ու երբ շուկայի մի փոքր տատանման դեպքում որոշ «մասնագետներ» մեր պես հասարակ քաղաքացու համար բարդ ու անծանոթ տերմիններով անհիմն ենթադրություններ են անում, պետք է քաջ գիտակցեն, որ իրենց գործողությունների բացասական հետևանքները զգալու ենք բոլորս:
Համացանցում մեկը մյուսի հետևից դոլար գնելու խորհուրդներով լի կարծիքներ էին հայտնվում` մարդկանց մոտ առաջացնելով անհանգստություն: Նման վարքագծով մենք ինքներս նպաստում ենք դոլարի հանդեպ արհեստական պահանջարկի մեծացմանն ու փոխարժեքի բարձրացմանը: Ի վերջո, այդօրինակ ապատեղակատվության պատճառով ամենից շատ տուժում է մի փոքր խնայողություն ունեցող շարքային քաղաքացին, ով հավատալով «մասնագետին» բարձր փոխարժեքով արագ գնում է դոլար, իսկ շուկան կարգավորվելուց և փոխարժեքը նվազելուց հետո այն նորից վաճառում` կրելով վնաս: Մեկ անգամ արդեն դա արել ենք, բավ է:
Ու պետք չէ ամբողջ մեղքը գցել համաշխարհային տնտեսության վատթարացման և արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանից եկող բացասական ազդակների վրա: Իհարկե, մենք քարտեզից դուրս չենք և կապված ենք Ռուսաստանի տնտեսության հետ (մասնագետների գնահատմամբ` 20-30%), սակայն այն չի կարող նշանակալի ազդեցությունն ունենալ արտարժույթի հայաստանյան շուկայի վրա, որ ուշիուշով հետևենք նավթի գներին ու ազգովի լծվենք դոլար գնելուն: Եկեք դա թողենք Ադրբեջանին, որն ուղղակի կախված նավթի գներից և այնտեղ, բնականաբար, տիրում է հակառակ պատկերը:
Մանաթն արժեզրկվում է լիովին տրամաբանական, բնականոն պատճառներով և իրենց մոտ դոլարի դեֆիցիտ է նկատվում: Ե´վ Ռուսաստանը, և´ Ադրբեջանը նավթ արտահանող երկրներ են, և երբ նավթի գինը նվազում է, բնականաբար այդ երկրների դրամական մուտքերը կրճատվում են, և տնտեսություներն էլ տուժում են: Հայաստանի վրա միջազգային շուկայի ազեդցությունն ուղղակի չէ և չի կարող հանգեցնել նման արդյունքի, եթե մենք ինքներս այդ ջրաղացին ջուր չլցնենք:
Անի Ստեփանյան