«Վիկիլիքսի» շնորհիվ հանրայնացված այս փաստաթուղթը 2004թ. հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջ. Օրդուեյը: Վերջինս ներկայացնում է Հայաստանի իշխանության ներսում հաստատված աստիճանակարգությունը՝ բացատրելով, թե կոնկրետ որ գործիչը ինչպիսի կարեւորություն է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի համար:
Փաստաթուղթը ուշագրավ է այնքանով, որ ցույց է տալիս, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունեցել այս տասնամյակի ընթացքում, եւ Քոչարյանի կառավարման շրջանում իրական ազդեցություն ունեցողներից ովքեր են պահպանել իրենց դիրքերը: Ավելին՝ Քոչարյանի երբեմնի հավատարիմների ներկայիս կարգավիճակը քննելով՝ հնարավորություն է ստեղծվում պատկերացում կազմելու, թե արդյոք նա կկարողանա վերադառնալ իշխանության ղեկին:
Սերժ Սարգսյանին որակելով իբրեւ Քոչարյանի ամենամերձավոր աջակիցը՝ Օրդուեյը նրանց կապը բացատրում է տնտեսական լայն հետաքրքրություններով: Դեսպանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը «ամեն կարկանդակում իր բաժինն ունի» ու Քոչարյանի հետ գործում է միասնաբար՝ տնտեսական մեծ օգուտներ քաղելով: Դիվանագետը նկատում է, որ Սարգսյանը ամուր կապեր ունի ռազմական շրջանակների հետ, ինչը մեծ նշանակություն ունի Քոչարյանի իշխանությունը պահելու համար: Հեղինակը պնդում է, որ Սարգսյանն ու Քոչարյանը գրեթե հակասություններ չունեն, եւ նրանց մոտեցումները մշտապես համընկնում են: Նկատենք, որ բավականին ուշագրավ այս մեկնաբանությունը կարծես հակադիր է մշտապես տարածվող այն տեղեկություններին, թե Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ լուրջ հակասություններ կան: Անշուշտ, հակասություններ կարող է եւ լինեն, բայց երբ խոսքը կվերաբերի իշխանությունը կորցնելուն, նրանք հաստատապես կմիավորվեն, ինչպես որ վարվել են նախորդ 16 տարիներին: Թեեւ հանուն արդարության պետք է նկատել, որ այս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը վերջնականապես ջախջախեց Քոչարյանի վերադարձի նվազագույն հնարավորությունն անգամ:
Օրդուեյը Քոչարյանի շրջապատի հաջորդ կարեւոր դերակատարն է համարում Արմեն Գեւորգյանին, որն այդ օրերին զբաղեցնում էր նախագահի առաջին օգնականի պաշտոնը: Դիվանագետը վստահ էր, որ Գեւորգյանը բոլոր հարցերում Քոչարյանի հետ համերաշխող ու նրա կարծիքը կիսող գործիչ է: Ամերիկացու պնդմամբ՝ ոչ ոք այնքան մուտք չունի Քոչարյանի մոտ, որքան Գեւորգյանը, «ում մասին անգամ խոսում են որպես գորշ կարդինալի»: Սրան զուգահեռ՝ դիվանագետը չի կարծում, որ Գեւորգյանն ամբողջությամբ կարող է ազդել Քոչարյանի վրա: Հատկանշական է, որ Գեւորգյանը, լինելով Քոչարյանի ամենասիրելի կադրը, Սերժ Սարգսյանի «խաչակրաց արշավանքի» շրջանակներում լքեց ՀՀ փոխվարչապետի աթոռը: Հիշենք, որ ֆինանսների նախկին փոխնախարար Դ. Ավետիսյանը ամերիկացիներին հայտնել էր դեռ 2007թ. սեպտեմբերին Քոչարյան-Սարգսյան գաղտնի պայմանավորվածության մասին, ըստ որի՝ այդժամ էր ծրագրված Ա. Գեւորգյանին դարձնել փոխվարչապետ՝ Կառավարությունում Քոչարյանի շահերը պաշտպանելու համար: Արդ, նրա հեռացման հանգամանքն անուղղակիորեն հաստատում է Քոչարյան-Սարգսյան հակասությունների իրական մակարդակը:
Ամերիկացի դիվանագետը փաստում է, որ Քոչարյանի մերձավորներից հերթականը Ալեքսան Հարությունյանն է, որը, ծնված լինելով Ղարաբաղում, երկար տարիների կապեր ունի Քոչարյանի հետ: Ապա քննելով Արտաշես Թումանյանի դիրքերը՝ Օրդուեյը նրան համարում է Քոչարյանի արդյունավետ հսկիչը: Դիվանագետի կարծիքով, թեպետ Թումանյանը ոմանց կարող է խանգարել Քոչարյանի հետ ունեցած գործերում, բայց «իր շեֆի վրա իրականում լուրջ ազդեցություն չունի»: Օրդուեյը փաստում է, որ թեպետ Թումանյանը Սերժ Սարգսյանի պես հայտնի չէ, բայց բնակչությունը նրան լավ գիտի: Հատկանշական է, որ դիվանագետը կարծես անուղղակիորեն հակադրում է Սերժ Սարգսյանին ու Արտաշես Թումանյանին՝ համեմատության եզրեր անցկացնելով: Նման համեմատության համար հիմք կարծես գոյություն ուներ՝ հաշվի առնելով այն պարագան, որ Թումանյանը մտադիր էր կուսակցություն հիմնել ու ներիշխանական պայքարին նոր թափ հաղորդել, ինչը, ըստ որոշ կարծիքների, կանխվել էր հենց Սերժ Սարգսյանի կողմից:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, Օրդուեյը նրան դասում է Քոչարյանի վրա խիստ սահմանափակ ազդեցություն ունեցողների շարքում: Նրա համոզմամբ՝ Օսկանյանը լայնախոհ է, բայց միշտ չէ, որ կարող է Քոչարյանին ուղղորդել, երբ որոշում կայացնելու պահն է հասունանում: Ամփոփելով՝ դեսպանը նկատում է, որ Քոչարյանի հետ անկաշկանդ շփման հնարավորություն ունենալով հանդերձ՝ վերոհիշյալ բոլոր գործիչներն էլ Քոչարյանի որոշումների վրա լրջագույնս ազդել չեն կարող: Հղում անելով Քոչարյանի՝ տնտեսական հարցերով այն ժամանակվա խորհրդական Վահրամ Ներսիսյանցին՝ Օրդուեյը հայտնում է, որ «Քոչարյանը ոչ մեկին էլ չի լսում»:
Իրավամբ կարելի է համաձայնել Օրդուեյի եզրահանգման հետ, որ Քոչարյանի օրոք գլխավոր պաշտոններ զբաղեցրածներից ոչ մեկը Քոչարյանի որոշումների վրա մեծապես ազդել չէր կարող: Այսօր իշխանության ղեկին այդ գործիչներից մնացել է միայն Սերժ Սարգսյանը, իսկ մնացածը կա՛մ ուղարկված են դիվանագիտական «պարապուրդի», կա՛մ էլ վճռականորեն հեռացված են իշխանությունից: Իսկ Ս. Սարգսյանն էլ, իշխանության բոլոր լծակների տերը դառնալով, բնականաբար, չի զիջի դրանք ոչ մեկին, այդ թվում՝ Քոչարյանին: Ուստի, չլինելով հրապարակային գործիչ, Քոչարյանը կորցրել է պալատական ինտրիգներով վերադառնալու հնարավորությունը՝ իշխանության ներսում ռեսուրսների իսպառ բացակայության պատճառով: Գոնե այս պահին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴՊՐԵՎԱՆՔՈՒՄ ՈՉ ԴՊՐՈՑ ԿԱ, ՈՉ ԷԼ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻ
ՀՀ Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղում այս սեպտեմբերին դպրոցական զանգ չի հնչի: Քանի որ Դպրեվանքը տարիներ շարունակ ո՛չ դպրոց է ունեցել եւ ո՛չ էլ մանկապարտեզ: Գյուղապետ Արամայիս Ղասաբյանի խոսքերով՝ գյուղը դասվում է մեռնող գյուղերի շարքին: 58 բնակիչ ունեցող Դպրեվանքի աշակերտների թիվը կազմում է 4: Գյուղապետը մեծ ցավով արձանագրեց, որ գյուղն այս տարի առաջին դասարանցի չի ունենա: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դպրեվանքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանի հետ:
-Պարո՛ն Ղասաբյան, գյուղը դպրոց ունի՞:
-Ո՛չ դպրոց ունենք, ո՛չ մանկապարտեզ եւ ո՛չ էլ գրադարան: Իսկ գյուղապետարանն էլ վագոն-տնակն է: Դպրեվանքը 1991 թվականին է ստեղծվել, եւ ստեղծման օրից մենք դպրոց չունենք: Այն կառուցելու ցանկություն ունենք, բայց հնարավորություն չկա:
-Իսկ աշակերտ կա՞ գյուղում:
-Ունենք ընդամենը 4 աշակերտ: Իրենք էլ հաճախում են մեր հարեւան Արուճ գյուղի դպրոց:
-Ամեն անգամ ոտքո՞վ են գնում եւ հետ վերադառնում:
-Այո՛, ոտքով մեկ կիլոմետր քայլում են: Մեր գյուղին մոտ է: Բայց պատահում է, որ մեքենայով էլ են գնում:
-Այս տարի առաջին դասարանի աշակերտ ունենալո՞ւ եք:
-Չէ՛, ցավում եմ, բայց այս տարի չենք ունենալու առաջին դասարանցի: Հավանաբար հաջորդ տարի էլ չենք ունենա: Շուրջ 5-6 տարի է, ինչ չենք ունենում առաջին դասարանցի: Գյուղում երիտասարդ ընտանիք չկա: Բայց գյուղի ստեղծման տարիներին կային: Գնացին, որովհետեւ աշխատատեղ չկա, դպրոց չկա: Գան ի՞նչ անեն: Հիմա Դպրեվանքում ապրում է 18 ընտանիք:
-Դպրոց ունենալու պահանջով դիմե՞լ եք մարզպետարան:
-Պետք է բնակիչ ունենա գյուղը, որ դպրոց կառուցենք: Չկա բնակիչ: Մարզպետարանում տեղյակ են խնդրին, բայց այն այսօր լուծել ոչ ոք չի կարող: Տարիների հարց է: Ի՞նչ կարող են անել: Ոչինչ:
-Գյուղի բնակիչները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Բոլորն էլ թոշակառու են ու հազիվ են կարողանում իրենց հոգսերը հոգալ: Մի կերպ են կարողանում գոյատեւել: Ծերացող ընտանիքներ են:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՍՏԱՑԵԼ ԵՆ
Տարիներ շարունակ աղետի գոտու պիտակից որեւէ կերպ չազատվող Գյումրիում բազմազավակ 8 ընտանիք, որոնք ունեն 9 եւ ավելի երեխաներ, բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակներում երեկ ստացան բնակարանի գնման վկայագրեր, որոնցով իրավունք ունեն մինչեւ դեկտեմբերի վերջ բնակարան ձեռք բերել: Տեղեկացնենք, որ ծրագրի համար նախատեսված է եղել 61 մլն դրամ: Վկայագրերը հանձնել է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա հորդորել է անպայման օգտվել այս հնարավորությունից, հակառակ դեպքում դուրս կմնան այլ ծրագրերից եւս:
Ըստ այդմ, նման սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները կարող են դիմել Շիրակի մարզպետարան եւ ընդգրկվել բնակարանային ապահովման ու բնակարանային պայմանների բարելավման կամ այլ ծրագրերում:
ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Պարզվում է՝ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանն ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձեւական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում որպես անվտանգության աշխատող: Իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսեւորվում է կտրուկ գործողություններով:
«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարության համաձայն՝ «Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի 20-ին ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կատարված բռնության դեմ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ Գեւորգ Սաֆարյանը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի հասցեին հրապարակային կոշտ քննադատություն է հնչեցրել, այնուհետեւ ձվեր է նետել նախագահական նստավայրի վրա»:
Տեղեկացնենք, որ «Այբ» դպրոցը «Այբ հիմնադրամի» համակարգի բաղադրիչ է, որի կառավարման մարմնի՝ գործադիր խորհրդի անդամներից է Սերժ Սարգսյանը, իսկ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տեր-Մեսրոպ քահանա Արամյանն է, որը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է: «Ռեժիմի այս քայլը «Հիմնադիր խորհրդարանի» եւ անձամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ 2014 թ. աշնանից սկիզբ առած հաշվեհարդարի շղթայի հերթական օղակն է: Դրա փոխարեն նրա նկատմամբ 2014 թ. նոյեմբերի 26-ին մահափորձ կատարած անձինք, նրան հանիրավի կալանավորած եւ մինչ օրս մեղադրող պաշտոնյաները կամ նրան սպանելու սպառնալիք տված ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը անպատիժ կերպով շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը»,- հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանը»: