Պետական գնումների ուսումնասիրությունից ArmLur.am-ը պարզել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը միայն հոկտեմբերի վերջին մի քանի օրվա ընթացքում պատվիրակությունների ընդունելության նպատակով մի քանի գնում է իրականացրել՝ ձեռք բերելով սուրճ, սուրճի և թեյի պարագաներ, ինչպես նաև սննդամթերք։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, ArmLur.am-ը գրել էր, որ ֆինանսների նախարարությունը պատվիրակությունների ընդունելության համար 196 հազար դրամի սուրճ է գնել։ Գնման առարկան եղել է բոված հատիկավոր «Կոֆֆի-Ինն Էսպրեսսո» տեսակի սուրճը, իսկ մատակարարը՝ անհատ ձեռնարկատեր Ծիլա Թանկուկյանը։

Սակայն պետական գնումների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախարարությունը հոկտեմբերի վերջին սուրճի և հյուրերի ընդունելության համար նախատեսված այլ ապրանքների ձեռքբերման ևս մի քանի գնում է կատարել։
Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին «Էքսպրես Սփլայեռ» ՍՊԸ-ի հետ կնքված գործարքի շրջանակում նախարարությունը 156 հազար 750 դրամի ապրանք է ձեռք բերել։ Գնման առարկան եղել է պատվիրակությունների ընդունելության շրջանակում սուրճի և թեյի համար նախատեսված պարագաները։ Ներկայացված հարկային հաշվի համաձայն՝ ձեռք են բերվել «Unio Crema» և «Nescafe Classic» սուրճեր, ինչպես նաև գդալներ։ Հաշվի ընդհանուր գումարը կազմել է 156 հազար 750 դրամ։

Հաջորդ գնումը կատարվել է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ից։ Հոկտեմբերի 29-ի հարկային հաշվի համաձայն՝ նախարարությունը պատվիրակությունների ընդունելության շրջանակում ձեռք է բերել թեյի համար նախատեսված պարագաներ և սննդամթերք՝ ընդհանուր 259 հազար դրամի չափով։ Հաշվում ներառված են, մասնավորապես, 200 հատ 4 գրամանոց շաքարավազ և 50 հատ 180 մլ թղթե բաժակ։ Հաշվի ընդհանուր գումարը՝ ԱԱՀ-ով, կազմել է 259 հազար դրամ։

Այսպիսով, միայն այս երեք գնումների համար՝ ներառյալ ավելի վաղ հրապարակված 196 հազար դրամի սուրճի գնումը, ֆինանսների նախարարությունը հատկացրել է ընդհանուր 611 հազար 750 դրամ։ Ընդ որում, 156 հազար 750 դրամի գնման մեջ ներառված են նաև 7 հազար դրամ արժողությամբ գդալներ, իսկ 259 հազար դրամի գնումը վերաբերում է թեյի պարագաներին և սննդամթերքին։
Հատկանշական է, որ նշված գնումները կատարվել են հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ պատվիրակությունների ընդունելության նպատակով։ Այսինքն՝ մի քանի օրվա ընթացքում նախարարության կողմից այդ նպատակով կատարված գնումների ընդհանուր արժեքը, ըստ ուսումնասիրված փաստաթղթերի, կազմել է ավելի քան 600 հազար դրամ։
ArmLur.am-ը նաև ուսումնասիրել է պետական գնումների տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք այլ նախարարություններն էլ են նույն ժամանակահատվածում պատվիրակությունների ընդունելության համար նմանատիպ գնումներ կատարել։ Մեր ուսումնասիրած տվյալներով՝ նմանատիպ գնումներ այլ նախարարությունների մասով չեն արձանագրվել։
Ստացվում է , պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված սուրճի, թեյի պարագաների և սննդամթերքի ձեռքբերման հարցում այս ժամանակահատվածում առանձնանում է հենց ֆինանսների նախարարությունը։Փաստորեն, ամենաշատ սուրճը խմում են հենց Ֆինանսների նախարարությունում։


Սոնա Գրիգորյան




























