«Շանթ-2015» զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի համար. ՀԱՊԿ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորվարժություններ է իրականացնում: Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀՀ-ում սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում խումբը ներկա գտնվեց Էրեբունի բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարի խաղարկմանը:

«Այն, ինչ մենք այս պահին տեսանք այստեղ,համապատասխանում է այն իրողություններին, որ ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա հարևանությամբ»,- նշեց վարչության պետի տեղակալը:

Նշենք, որ Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը,զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:




Լրահոս