Այս տարվա հունվարին հանրությանը ներկայացավ նորակազմիկ «Դետք» խումբը, որի երիտասարդ անդամները նոր երանգ մտցրին հայկական փոփ մշակույթում: Խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը (AMP) «Ժողովուրդ»-ին պատմել է տղաների առաջիկա ծրագրերի մասին, նա անդրադարձել է նաեւ այն խոսակցություններին, թե խմբում ընդգրկված են մեծահարուստների որդիներ, այդ պատճառով էլ նրանց առջեւ բոլոր դռները բաց են:
-Արմա՛ն, «Դետք»-ը հայաստանյան միապաղաղ փոփ դաշտում ի՞նչ նոր խոսք կարող է ասել:
-Տղաները ներկայացնում են երաժշտություն` իրենց նախընտրած թեմաներով. այն որակյալ է, բայց, միեւնույն ժամանակ, հասանելի է մարդկանց, հատկապես` երիտասարդներին: Երաժշտության միջոցով նրանք բարձրացնում են իրենց հուզող հարցերը: Նրանք իրենց գործն են անում` փորձելով ոչ ոքի չնմանվել:
-17-18 տարեկան տղաներն անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, Շուշիին եւ այլ լուրջ թեմաների. սա պարտավորեցնող չէ՞:
-Կարծում ենք` Ցեղասպանության թեմային միայն հասուն տարիքի ստեղծագործողները չէ, որ պետք է անդրադառնան. բոլորս մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք այդ հարցը բարձրացնել եւ ներկայացնել աշխարհին: Ընդ որում, պարտադիր չէ, որ թեման ներկայացվի տխուր, լալագին կերպով: Իսկ Շուշիի մասին պետք է երգեն հենց երիտասարդները, որպեսզի իրենց սերնդակիցները գնան այնտեղ, ճանաչեն այն ոչ միայն որպես պատերազմի ճիրաններից դուրս եկած քաղաք, այլեւ մի տեղ, որտեղ կա կյանք եւ գեղեցկություն: Ի դեպ, Արցախում Շուշիին նվիրված մեր նոր տեսահոլովակը բավական լայն տարածում է գտել:
-«Դետք»-ն արդեն ձայնագրել է իր առաջին սիրային երգը, որը կոչվում է «Երկու թռչուն». ինչո՞վ է այն առանձնանալու:
-Այն տարբերվելու է իր թեթեւությամբ, երգը սիրո մասին է, բայց ոչ կոտրված սիրո կամ դաժան սրտերի… (ծիծաղում է): Երաժշտությունն, ի դեպ, գրել է խմբի անդամ Արման Պետրոսյանը, այն թեթեւ եւ թեւեր տվող երգ է:
-«Դետք»-ի թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսահոլովակներում երեւում է, որ դրանց վրա բավական մեծ գումարներ են ծախսվել. հարց է ծագում` սկսնակ երգիչներին որտեղի՞ց այդքան գումար:
-Մենք գործում ենք հատուկ պլանի համաձայն, օրինակ` Ցեղասպանությանը նվիրված երգի համար պահանջվող ծախսերի առնչությամբ մշակույթի նախարարությունը ցուցաբերել է իր օգնությունը, մեզ օգնել է «Փյունիկ» հիմնադրամը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, որն աջակցել է նկարահանումներ կատարելու հարցում ռազմավարական նշանակություն ունեցող կետերից, եւ այլն… Մենք էլ հեշտությամբ չենք գտել հովանավորների. նրանք մինչեւ չեն տեսել մեր արած գործի որակը, չեն աջակցել:
-Ասում են` խմբում մեծահարուստների երեխաներ են ընդգրկված, ի՞նչ կասեք:
-Երեւի ճիշտ կլինի, որ տղաներին առանձին-առանձին ներկայացնեմ: Ներսես Ավետիսյանն ապրում է Գառնիում, երգել եւ աշխատել է Երգի պետական թատրոնում, ծնողները սովորական մարդիկ են, մայրն ուսուցչուհի է, բավական ստեղծագործ անձնավորություն: Արեգ Շահինյանը հետաքրքրված է ամենատարբեր բնագավառներով, նրա հետ հանդիպել եմ ուսումնական քննարկման ժամանակ, ինձ շատ է գրավել նրա խարիզման, երբ խումբը հավաքվեց, որոշեցի, որ ինքն էլ պետք է լինի դրա կազմում: Ասում են, թե նա մեծահարուստի` La Galleria խանութի սեփականատիրոջ տղան է, ասեմ, որ նման բան, ցավոք սրտի, չկա (ծիծաղում է), այլապես խմբի անդամները պետք եղած ժամանակ այդ խանութից զգեստներ կհագնեին… Քանի որ տղաներն անչափահաս էին, նախքան խումբը ձեւավորելը, ես հանդիպել եմ նրանց ծնողների հետ, եւ ամեն մեկին լավ ճանաչում եմ: Արման Պետրոսյանն էլ երգիչ Տիգրան Պետրոսյանի որդին է, վերջինս էլ ռեստորանային երգիչ չէ, նա օգնում է մեզ իր պրոֆեսիոնալ խորհուրդներով, առհասարակ, չի միջամտում խմբի գործունեությանը, բայց հսկում է, որ երաժշտական առումով մատուցվի որակյալ արտադրանք:
-Տղաները նշել են, որ նպատակ ունեն ճանաչվելու ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում. ըստ Ձեզ` որքանո՞վ է դա ռեալ:
-Կարծում եմ` տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում եթե խումբն իր գործունեությամբ համապատասխանի այն չափանիշներին, որոնք պահանջում է արեւմուտքը կամ արեւելքը, եթե տղաները կարողանան ապահովել որակ եւ հասանելիություն նաեւ դրսում, դա տեղի կունենա. անհնարին ոչինչ չկա: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ World Music Awards-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել էր Շուշիին նվիրված «Դետք»-ի տեսահոլովակը եւ մեսիջ էր գրել, ըստ որի՝ հայկական նորաստեղծ խումբը լավ աշխատանք է կատարել: Հիշեցնեմ, որ նախկինում World Music Awards-ի հետ կապվել է միայն մեր աստղերից Սիրուշոյի անունը, ով նոմինացվել էր երեք անվանակարգում: Այնպես որ, արտերկրում ճանաչվելու առումով ամեն բան դեռ առջեւում է…
ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԵԼ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Վերջերս Skandalist անունով բլոգերը կազմել է մի տասնյակ, որում ընդգրկել է այն հայ հայտնիներին, որոնք, իր համոզմամբ, ունեն ոճաբանի կարիք, թեեւ նրանցից ոմանց, ըստ բլոգերի, անգամ ոճաբանները չեն «փրկի»: Այսպես ասած՝ «վատագույն տասնյակում» ընդգրկված հայտնիների թվում են նաեւ կրկեսի արտիստ, ակրոբատ Թինա Քեյը եւ հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:
Skandalist-ը կարծիք է հայտնել, որ Թինան փայլփլուն շորերի սիրահար է, եւ դրանք մշտապես շատ սխալ է համադրում: Նա, ըստ բլոգերի, շպարվում է նույն սկզբունքով` այնպես, որ փայլը դեմքին հնարավորինս շատ լինի:
Թինա Քեյը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս քննադատություններին, նշեց, որ ինքն այնպիսի արտիստ է, որն անընդմեջ փոխում է իր ոճը. «Ես պարում եմ ամենատարբեր ազգերի պարեր, երգում ամենատարբեր ազգերի երգեր, հետեւաբար, իմ ոճը մշտապես փոխվում է: Իսկ, առհասարակ, ես մշտապես օգտվում եմ ամենալավ բուտիկներից, կրում եմ բրենդային հագուստներ եւ չեմ հիշում մի օր, որ մարդիկ չհիանան իմ հագուստով կամ սանրվածքով ու դիմահարդարմամբ»,-ասաց նա:
Խոսելով այն մասին, թե իբր ինքը փայլուն շորերի սիրահար է, Թինան ընդգծեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում արտիստը սովորական մարդկանցից, դուրս եկեք փողոց եւ տեսեք, որ այնտեղ քայլող մարդիկ անգամ փայլուն զգեստներ են կրում, այդ դեպքում արտիստն ինչո՞ւ չպետք է հագնի դրանցից»:
Պարուհին անգամ կարծիք հայտնեց, որ հայտնիների շուրջ այս աղմուկը բարձրացել է այն բանի համար, որ նրանք դիմեն ոճաբաններին, եւ վերջիններս գումար աշխատեն. «Սակայն դրա համար վատ ուղի են ընտրել քննադատները` վատաբանելով աստղերին»,-ընդգծեց նա:
Այնուամենայնիվ, Թինան տեղեկացրեց, որ ինքն ունի մի ոճաբան, որը զբաղվում է իր բեմական զգեստներով. «Իսկ, առհասարակ, ինձ այնքան կիրթ եմ համարում, որ կարծում եմ` առօրյա կյանքում ոճաբանի կարիք չունեմ»,- նշեց նա:
Իսկ հաղորդավարուհի Դինա Ակոպովնային էլ ամենաշատը զայրացրել է այն, որ բլոգերն ակնարկել է, թե երբ կինը տարիքով է, ճիշտ չէ հագնվել այնպես, ինչպես կհագնվեր, օրինակ, իր դուստրը: «Ես 38 տարեկան եմ, բայց իմ քաշին, մարմնին ու հագուկապին նայողը կարող է կարծել, թե ես 20 տարեկան եմ: Ես դեռ թարմ եմ, կարծում եմ` դա մարդու հոգեվիճակից է կախված: Իսկ ո՞վ գիտի իմ տարիքը… Շատ երգչուհիներ ցուցադրում են իրենց հետույքը, բայց չեն քննադատվում, ինչո՞ւ. որովհետեւ նրանք երեխա չունեն, իսկ ես ունե՞մ: Եթե ես զգամ, որ որեւէ հագուստ ինձ չի սազում կամ վուլգար է դարձնում, պարզապես չեմ հագնի դա»,-մեկնաբանեց Դինան:
Նա հավելեց, որ ինքը ոճաբան չունի, սակայն հարմար առաջարկների դեպքում աշխատում է ոճաբանների հետ: Փոխարենը հաղորդավարուհին ունի իր սանրվածքով զբաղվող մասնագետ եւ մշտական դիմահարդար:
«Իսկ, առհասարակ, ես ինձ շոու-բիզնեսցի չեմ համարում, այնպես որ, թող ինձ հանգիստ թողնեն»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Հինգ տարվա ազատազրկման ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանը հետագա պատիժը` մոտ երեք տարի, կրելու է բաց ռեժիմով, որի ընթացքում մտադիր է զբաղվել դերասանական-պրոդյուսերական գործունեությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել` չմասնավորեցնելով, սակայն, թատրոնի անունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Նույն օրը՝ երեկոյան, դերասանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմամբ նա հետագա պատիժը բաց ռեժիմով կկրի: Իսկ պատիժը բաց ռեժիմով կրել հնարավոր է միայն այն պարագայում, եթե Պետրոսյանի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
1915 թվականին տեղի ունեցած հայերի տեղահանությունը մեկ դար անց երկու փոքր երեխաների աչքերով ներկայացվելու է մեծ էկրանին։ Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, «Կորած թռչուններ» ֆիլմի նկարահանմանն աջակցել է մշակույթի նախարարության ֆիլմերի բաժինը։ Ռեժիսորն ու սցենարիստն Արեն Փերդեջին ու Էլա Ալյաշաչն են։ Սա լինելու է «հայերի տեղահանության» մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Թուրքիայում։ «Կորած թռչուններ» ֆիլմի նկարահանումներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչ դերասաններ։
Ֆիլմը հանդիսատեսի դատին է ներկայացվելու հոկտեմբերի 30-ին։ Սակայն անցյալ շաբաթ հատուկ ցուցադրություն է կազմակերպվել Հաթայ նահանգում՝ հայկական վերջին գյուղը համարվող Վաքըֆլը գյուղում։
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ
Արդեն մի քանի օր է` Radar Online-ի «թեթեւ ձեռքով» համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի դստեր հայրը աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը չէ։
Պարբերականը նշել է, որ փոքրիկ Նորթը շատ նման է Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուսթենին։
Վերջինս օրեր առաջ հարցազրույց է տվել Vogue UK-ին, որի սեպտեմբերյան համարում ներկայացրել է նաեւ արխիվային մի լուսանկար։ Օգտատերերը միանգամից նկատել են, որ փոքրիկ Նորթը ջրի երկու կաթիլի պես նման է Օլիվյեին։