Այս օրերին սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու ընդդիմախոսները յուրաքանչյուրն իր տեսանկյունից փորձում է հանրությանը համոզել՝ ներկայացնելով առաջարկվող նախագծի դրական եւ բացասական կողմերը համեմատ գործող սահմանադրության եւ եվրոպական երկրներում հաջողությամբ կիրառված մոդելների: Առաջարկվող նախագծում ամենավիճահարույցներից մեկն էլ սեփականության իրավունքին վերաբերող դրույթն է, որը շատերի գնահատմամբ գործող կարգից զգալի հետընթաց է պարունակում: Այդպես է դա, թե ոչ, իրականում որեւէ նշանակություն չունի, այն պարզ պատճառով, որ իբրեւ թե գործող սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը Հայաստանում շարունակաբար եւ միանգամայն անպատիժ ոտնահարվել է: Դրա ապացույցը հերթական անգամ առկա էր երեկ` Կառավարության շենքի դիմաց, որտեղ արդեն որերորդ անգամ բողոքի ակցիա էին անում Երեւանի կենտրոնի տարբեր փողոցների խաբված բնակիչները:
Իրենց սեփական տներից, հանուն մի քանի հոգու «գերակա շահի», զրկված այս քաղաքացիների համար Հայաստանի Սահմանադրություն գոյություն չունի, նրանք արդեն 8 տարի է, բախելով պետական ատյանների դռները եւ պահանջելով իրենց ոտնահարված սահմանադրական իրավունքների վերականգնումը, այլեւս հստակ գիտեն, որ Հայաստանում գործում են բացառապես զոռբայության, կաշառատվության եւ խաբեբայության օրենքները, որոնք գերակա են ցանկացած` բարեփոխված կամ չարեփոխված Սահմանադրությունից: Հայաստանի այս օրինապահ քաղաքացիները, որոնցից շատերը իրենց կյանքում չեն խախտել անգամ մեկ սահմանադրական նորմ, չգիտես թե որ մեղքի համար եւ ում դատավճռով դատապարտվել են ութ տարվա «բաց ռեժիմի կալանքի»` զրկվելով գիշերները իրենց սեփական տներում քնելու իրավունքից;
Փոխարենը տարիներ շարունակ տարբեր բնույթի ապօրինությունների, ընդհուպ մինչեւ քրեական հանցագործությունների շնորհիվ այս մարդկանց գույքը խլած իշխանությունների մերձավոր օլիգարխները այդպես էլ անցած տարիների ընթացքում որեւէ պատասխանատվություն չեն կրել, հակառակը, դեռ մի բան էլ բարձր տոկոսներով վերցված օտարերկրյա վարկերից (որոնց տոկոսները վճարելու ենք մենք` ՀՀ օրինապահ քաղաքացիներս) հայրենի Կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացրել այդ «կառուցապատողներին», որպեսզի նրանք ավարտին հասցնեն մարդկանց արցունքների եւ արյան վրա կառուցվող իրենց «էլիտար արկղերը»:
Եվ այսօր իրենց տներից զրկված այս մարդկանց եւ նրանց պես պետությունից խաբված հազարավոր այլ քաղաքացիներին (այդ թվում եւ «Նաիրիտ»-ի, Վանաձորի քիմպրոմի աշխատակիցներին եւ այլն) դժվար է համոզել, թե նոր Սահմանադրությունն ավելի լավն է լինելու կամ ավելի վատը: Նրանց համար միեւնույն է` ինչ է գրված այնտեղ, եւ, առհասարակ, արդյոք որեւէ բան գրված է, թե դատարկ էջերի հավաքածու է Սահմանադրությունը: