Տիգրան Ուրիխանյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել վիրավորանքի և զրպարտության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան ՀԿ-ին եւ դատարանի միջոցով պահանջում է ՀԿ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանին հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ենթարկել:
Ինչպես հայտնի է՝ 2015 օգոստոսի 10-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր կարծիքով Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Այս հայտարարությունից հետո քաղաքական էլիտան խառնվեց իրար, եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ստանձնեցին վերջինիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Արդյունքում, Անդրանիկ Նիկողոսյանի թիմակիցները ձեռքները ծալած չեն նստել եւ Տիգրան Ուրիխանյանի դեմ արշավ են սկսել՝ նրա մասին տեղեկություններ տարածելով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը պատմեց, որ narod.am կայքը պատգամավորին զրպարտող հայտարարություններ է արել, ինչի կապակցությամբ իրենք դիմել են Կենտրոն դատարան. «narod.am կայքը Տիգրան Ուրիխանյանի մասին զրպարտող հոդվածներ էր հրապարակել, որտեղ պաշտպանել էր Անդրանիկ Նիկողոսյանին: Զրպարտության մասով մենք դիմեցինք դատարան, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազություն դիմել ենք Ռոբերտ Ահարոնյանի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Իսկ ի՞նչ է ասել Ռոբերտ Ահարոնյանը: Պարզեցինք, որ վերջինս բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` հայտնելով, թե Ուրիխանյանն իր կուսակից ընկերների միջոցով փորձել է վարկաբեկել եւ հայհոյախառն մեկնաբանություններ գրել սոցիալական ցանցում իր հավանած նյութի տակ. «Դա է պատճառը, որ դիմում եմ Ձեզ եւ տեղեկացնում եմ, որ իմ շարժման անդամների կյանքը վտանգի տակ է: Սույն նամակով ցանկանում եմ, որ իրավապահ մարմինները զբաղվեն այս գործով եւ ապահովեն իմ թիմակիցների եւ իմ անվտանգությունը»:
Ահա, այս բաց նամակի համար էլ ԲՀԿ խմբակցության պատգամավորը, դատախազություն դիմելով, պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ահարոնյանին: Նշենք, որ Ռոբերտ Ահարոնյանի բաց նամակը հրապարակվել էր նաեւ Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող neonews.am, gazeta.am կայքերում, ուստի պատգամավորը պահանջելու է, որ դատարանում այս կայքերի հրապարակումները եւս քննության առնեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը հայտնեց, որ դեռ սպասում են դատախազին ուղղված իր բաց նամակի արձագանքին. «Նախ ասեմ՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան չեմ ճանաչում, չգիտեմ՝ ով է, անհայտ մարդ է ինձ համար, դա պարտադիր նշեք: Ահաբեկումները մինչ օրս շարունակվում են: Դատական պրոցեսի մասին տեղյակ չեմ, համբերատար սպասում եմ՝ դատախազին գրած իմ դիմումը ինչ կարգավիճակ է ստանալու»:

Քնար Մանուկյան




Լրահոս