«Հանրությունը Սերժ Սարգսյանի հաճախորդը չէ». Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները խոցելի են ու կարող են մեկ օրվա մեջ «ընկնել», ինչպես դա եղավ շատ ավտորիտար ռեժիմների հետ: Փոստանջյանը վստահ է, որ իր պայքարն արդյունք է ունենալու, չնայած այն հանգամանքին, որ արդեն պայքարում է միայնակ:

-Տիկի՛ն Փոստանջյան, ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվեց շատ թեժ. Ձեր բոլոր հայտարարությունների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ
Շարմազանովը հորդորում էր անջատել Ձեր խոսափողը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ հեգնեց Ձեզ` նշելով, թե պետք է Ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք Ձեր ելույթներով բացահայտում եք, թե ՀՀ-ի թշնամիներին ինչ է անհանգստացնում այս ժամանակահատվածում: Ի՞նչ նկատի ուներ Ա. Գեղամյանը:

-Երեւի Դուք այդ հարցը հղեք Արտաշես Գեղամյանին, ինձանից չպետք է պատասխան ակնկալեք, այդ հարցն ուղղեք նրան, դա իր կարծիքն է, ու ինքը կարող է Ձեր հարցին պատասխանել:

-Դուք դեմ եք արտահայտվում Սահմանադրության նոր նախագծին, ինչի պատճառով ՀՀԿ-ականները Ձեր դեմ են դուրս եկել: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պայքարը, եթե անգամ խորհրդարանում Ձեր խոսքը մինչեւ վերջ չեք կարողանում հնչեցնել, քանի որ Ձեր խոսափողն անջատում են:

-Ընդհանրապես յուրաքանչյուր պայքար ունենում է հաղթանակ, ես այսպես ասեմ՝ երբեւիցե չեմ հոգնելու պայքարելուց, անկախ նրանից՝ միայնակ եմ, թե խմբով: Իհարկե, միայնակ պայքարելը դժվար է, բայց ես միայնակ չեմ, այստեղ (խորհրդարանում, Ս. Գ.) հավաքված մարդիկ բացարձակ կապ չունեն մեր հանրության հետ, այսօր հանրությունը մեկ բան գիտի, որ այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է եւ իր խմբի անդամները, ու մենք օր առաջ պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից: Սա է հանրության առջեւ դրված, հետեւաբար ես մենակ չեմ, իրենք են մենակ, իրենք են մեկուսացվել ու մնացել միայնակ՝ այս պատերի մեջ: Իրենք պետք է հասկանան, որ հանրության հետ այսպիսի խաղերը, որ տարիներ շարունակ տարել են, ունենում են նաեւ վախճան: Պետք է ուսումնասիրել նաեւ պատմական փորձը ու հատկապես վերջին տարիների ավտորիտար ռեժիմների անկումը, որ մեկ օրվա մեջ ընկան, դա եւս իրենց համար պետք է հստակ լինի, իրենք ավելի թույլն են ու խոցելի: Ու նույնը իրենց է սպասվելու, ուղղակի մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստվենք ու թույլ չտանք, որպեսզի ընկնելուց հետո մեր երկրում տիրի քաոս: Մենք պետք է օրինական կարգեր հաստատենք:

-Ձեր պայքարում Դուք միայնակ եք այն առումով, որ որեւէ քաղաքական ուժի հետ չեք գործում, ինչո՞ւ չեք միանում այն քաղաքական ուժերին, որոնք այս պահին նույնպես պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ: Ի դեպ, կան նաեւ ոչ իշխանական ուժեր, որոնք կողմ չլինելով այս նախագծին, այնուամենայնիվ, գնացին Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Սակայն Դուք չկաք ո՛չ այդ, ո՛չ էլ մյուս թեւերում:

-Բոլորը չէ, որ գնացել են, իրենք հանրության այն զանգվածն են ներկայացնում, ովքեր հայտնի են որպես Սերժ Սարգսյանի հաճախորդներ, իսկ հանրությունը Սերժ Սարգսյանի հաճախորդը չէ, հանրությունը ցանկանում է օրինական կարգեր ու նվազագույն բարեկցիկ կյանք: Սերժ Սարգսյանն այսօր տապալել է բոլոր բնագավառները, հետեւաբար այս մարդիկ, ովքեր գնացել են, իրենք չեն ներկայացնում մեր հանրության շահերը, նրանք չեն ներկայացնում մեր հանրության պահանջը, ու ես կարծում եմ, որ Դուք այստեղ սխալվում եք: Ովքեր որ գնացել են, իրենք մի փոքր զանգված են, որի բնորոշումն է հաճախորդ:

-Բայց քաղաքական դաշտում Ձեր ասած «հաճախորդների» թիվն այս անգամ ավելի շատ էր, միայն ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն են հրաժարվել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Սա չի նշանակո՞ւմ, որ քաղաքական դաշտի մեծամասնությունը կիսում է իշխանությունների տեսակետը:

-Կոմունիստական կուսակցության առջեւ քաղաքական ուժ չկար՝ որպես այդպիսին իրենց դեմ կանգնած, կար հանրություն` հստակ պահանջը գիտակցող ու այդ պահանջը առաջ մղող: Հետեւաբար այստեղ ամենակարեւորը այն է, որ լինի հանրության գիտակցում եւ պահանջի հստակ ձեւավորում: Կարող են լիներ տարբեր քաղաքական միավորներ, բայց դրանք ժողովրդին չեն ներկայացնում:

-Իսկ Դուք կարծում եք, որ հանրությունը վստահո՞ւմ է այն քաղաքական ուժերին, որոնք այս իշխանությունների դեմ են պայքարում, չէ որ մշտապես այդ ուժերը պայքարի կեսից հրաժարվել են: Արդյո՞ք ժողովուրդը կրկին կգա այդ մարդկանց հետեւից:

-Դուք խնդիրը տեղափոխում եք մեկ այլ դաշտ, սա քաղաքական մեկ ուժի, կամ մի քանի ուժերի խնդիրը չէ, սա համապետական, համահայկական ծրագրի շուրջ է ծավալվում: Մենք ցանկանում ենք ապրել ազատ, անկախ, ինքնիշխան հանրապետությունում: Ես եկել եմ քաղաքականություն այդ նպատակով, որպեսզի մեր երկրում տիրեն արդար կարգեր, որպեսզի լինի օրինական իշխանություն, ես դրա համար եմ եկել քաղաքականություն, եւ, իհարկե, դա լինելու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս