«Ոչ»-ի ճակատում ընդգրկված ուժերն այս կերպ փորձում են վերակենդանանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվող քաղաքական ուժերն ու նախաձեռնություններն անցած շաբաթ գումարեցին իրենց հավաքը, որի արդյունքում հայտարարեցին «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հռչակեցին իրենց նպատակները: Ի սկզբանե նշենք, որ այս հրապարակման մեջ մենք զերծ ենք մնում «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական ուժերին անդրադառնալուց, քանի որ մեր խնդիրը ոչ թե գործընթացի մասնակիցներին ներկայացնելն է, այլ փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում «Ոչ»-ի ճակատի գործունեությունը:

Այսպիսով, «Ոչ»-ի ճակատը հայտարարում է. «Մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն եւ Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»: Տարընթերցումներից խուսափելու համար եւս մեկ անգամ ընդգծենք՝ «Ոչ»-ի ճակատի նպատակն է «կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը»: Ուշադրություն դարձրեք՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում իշխանափոխության հասնելու մասին ոչ մի խոսք: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ «Ոչ»-ի ճակատն իր առջեւ նման խնդիր չի դրել:

Եթե առաջիկայում «Ոչ»-ի ճակատն իր նպատակներում լրացում չկատարի, ապա այն փաստացի կդառնա իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացի «արդյունավետ» մասնակից: Ցանկացած երկրում քաղաքական գործընթացներն ունենում են կողմ եւ դեմ: Այսինքն՝ «Ոչ»-ի ճակատը սահմանադրական փոփոխություններին զուտ դեմ արտահայտվելով՝ նպաստում է այդ գործընթացի կայացմանը: Ավելին՝ եթե գործընթացը հենց այդ` դեմ եւ կողմ բանավեճերի մեջ ընթանա, ապա անգամ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնելու» համար իշխանությունները ստիպված չլինեն կեղծարարների իրենց համակարգը ողջ հզորությամբ օգտագործել:

«Ոչ»-ի ճակատի` սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հիմնական փաստարկներից մեկը` Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, կանխելն է: Իշխանական քարոզիչներն, իբրեւ այդ մոտեցման, հակակշռում արդեն իսկ դաշտ են նետել այն խայծը, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա իշխանության: Արդյունքում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացուն «Ոչ»-ի ճակատը եւ իշխանություններն այսօր արհեստական ընտրության առջեւ են կանգնեցրել. եթե կողմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը, եթե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Ինչպես կարձագանքի ընդդիմադիր հայացքներ ունեցեղ ՀՀ քաղաքացին վերը բերված «ընտրությանը», ցույց կտա ժամանակը:

Իսկ ինչու «Ոչ»-ի ճակատը չի հայտարարում, որ իր նպատակը սահմանադրական փոփոխությունների գործընթացի միջոցով իշխանափոխության հասնելն է, պարզ պատճառով, որովհետեւ չեն կարող նման բան հայտարարել: Հայաստանի ո՛չ գործող Սահմանադրությունը եւ ո՛չ էլ մնացած օրենսդրությունը սահմանադրական հանրաքվեի միջոցով իշխանափոխության հնարավորություն չեն տալիս: Եթե հանրաքվեի դրված փաստաթղթի ընդունումը տապալվում է, ապա ուժի մեջ է մնում գործողը եւ վերջ: Ավելին՝ ենթադրենք «Ոչ»-ի ճակատին հաջողվում է սահմանադրական փոփոխությունները տապալել, այդ դեպքում նույն Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել, որ ինքն էլ առանձնապես կողմնակից չէր այս նոր Սահմանադրության նախագծին: Մինչ օրս Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ մեկ անգամ է հրապարակային արտահայտվել եւ կառավարման խորհրդարանական ձեւին դեմ է խոսել: Դրանից հետո նա այդպես էլ չի ասել՝ ի վերջո, ինքն ինչպիսի Սահմանադրություն է ուզում` պատասխանատվությունը թողնելով սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի ուսերին «ինչպես կորոշեք այդպես էլ կանենք» տարբերակով:

Մի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ քաղաքական ուժերը, «Ոչ»-ի ճակատում ընդգրկվելով, փորձում են ընդամենը մեկ խնդիր լուծել՝ ապահովել իրենց վերակենդանացումը քաղաքական դաշտում: Նրանց համար այս գործընթացը ոչ մի վտանգ չի պարունակում, քանի որ ավելի վարկաբեկվել հնարավոր չէ, բայց հնարավորություն կա մարդկաց մի զանգվածի վերստին համոզել, թե իբր իրենք ընդդիմություն են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս