Եվ այսպես` մինչ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող քաղաքական ուժերը շարունակում են պնդել, որ այդ ամենի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ապահովումն է, Հանրապետական կուսակցության անդամներն արդեն իսկ սկսել են հայտարարել, թե Սերժ Սարգսյանի նման փորձառու գործիչն, իհարկե, իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո չպետք է հեռանա ակտիվ քաղաքականությունից եւ անպայման պետք է կարողանա զբաղեցնել այն պաշտոնը, որը որ ինքը կցանկանա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականներն այսօր արդեն իրենց այնքան ինքնավստահ են զգում, որ այլեւս չեն վարանում ժամանակից շուտ Սերժ Սարգսյանի վերարտադրության մտադրությունները հաստատող բացահայտումներ կատարել:
Չի բացառվում, իհարկե, որ այս դեպքում ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի «քծնանքի մրցավազքի» «ֆալշստարտը» տեղի է ունեցել ոչ ծրագրված ձեւով, բայց քանի որ Մարգարիտ Եսայանն արդեն իսկ առաջինը գլխի էր ընկել այդ թեմայով հայտարարություն անել, մնացած ՀՀԿ-ականներն անմիջապես մտածեցին իրենց գործընկերոջից հետ չմնալու եւ Սերժ Սարգսյանին առաջիկայում ցանկացած բարձրագույն պաշտոնում տեսնելու երազանքով կիսվելու հարցում` «ումից է պակաս, որ» հռետորական հարցադրումներով:
Իրականում, սակայն, դեռ ամիսներ առաջ էր ընդդիմությունը հայտարարել, որ այս նախագծում առկա կոնկրետ դրույթներից դատելով` Սերժ Սարգսյանը կա՛մ դառնալու է Աժ նախագահ, կա՛մ վարչապետ: Ընդ որում, վերջինը կարող է տեղի ունենալ ինչպես սահմանադրական փոփոխությունների ընդունման, այնպես էլ հանրաքվեի տապալման դեպքում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` անցած տարի ապրիլի 10-ին արած հայտնի հայտարարությանը, թե խորհրդարանական համակարգի անցման դեպքում ինքը չի հավակնի երկրի վարչապետի պաշտոնին, ապա ամենեւին դժվար չէ սահմանային լարվածության հերթական էսկալացիայից հետո փոխել սեփական հավակնությունները` եւ տեղի տալով ՀՀԿ-ականների եւ պալատական մի քանի մտավորականների կողմից «ազգովի խնդրելու» դրսեւորումներին` հայտարարել, թե այո, ես չէի ցանկանում, բայց այս լարված իրավիճակում ես իրավունք չունեմ ի նպաստ իմ երկրի չծառայեցնելու փորձառությունս եւ հանդես չգալու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Սահմանային սրված իրավիճակում դժվար թե առանձնապես լուրջ դիմադրություն լինի այս հարցում, հատկապես որ ներկայիս վարչապետին, օրինակ, շատ, շատ դժվար է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները իրականացնելիս պատկերացնել:
Եվ քանի որ այս տարբերակը կա ու կա, ապա ինչու առաջ չընկնել սեփական գործընկերներից եւ չսկսել Սերժ Սարգսյանին երիտասարդ թոշակառուի դերում պատկերացնելու անհնարինության վերաբերյալ քծնանքառատ զեղումները, մանավանդ որ ՀՀԿ ղեկավարությունում նման դրսեւորումները շատ են սիրում: