ՏՄՊՊՀ-ն գործել է ապօրինաբար. դժգոհող կողմը միտում է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը չի դադարում իր արշավը «Մարաթուկ» տուրիստական ընկերության դեմ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մի շարք դիմում-բողոքների հիման վրա հարուցել է վարչական վարույթ «Մարաթուկ» ընկերության հանդեպ: Ընկերությունը մեղադրվում է հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Սակայն «Մարաթուկ»-ը հակառակն է պնդում. «Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը` երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար»: Երեկ ավարտվեց այս գործով վարչական վարույթը: Բնականաբար, ինչպես նախորդ նիստին, այնպես էլ երեկ թույլ չտվեցին լրատվամիջոցներին ներկա գտնվել նիստին:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նիստի ընթացքի վերաբերյալ զրուցեց ընկերության իրավաբան Գնել Մուղնեցյանի հետ, ով հայտարարեց, որ նիստի ընթացքում բազմաթիվ ապօրինություններ է արձանագրվել: «Հանձնաժողովի այսօրվա (երեկ-Ս.Հ.) նիստում մի շարք ապօրինություններ տեղի ունեցան, մասնավորապես հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովի աշխատակիցները, մինչդեռ, իմ կարծիքով, դռնփակ նիստում նրանք չեն կարող մասնակցել: Դռնփակ գաղտնի վարչական նիստում չեն կարող գտնվել այլ սուբյեկտներ՝ բացի վարչական մարմնից, որն էլ իրականացնում է վարույթը: Սա օրենքով նախատեսված կարգավորում է: Ավելին՝ ասեմ, որ վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի կոլեգիալ մարմնի անդամներից որեւէ մեկը հարց չէր տալիս: Հարցերը տալիս էին բացառապես Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները, ինչը, իմ կարծիքով, նույնպես ապօրինություն է:

Քանի որ վարչական վարույթ իրականացնում է Հանձնաժողովը, հետեւաբար, հանձնաժողովի անդամները պետք է հարցեր ուղղեն: Իսկ հարցերը տալիս էին իրավաբանները, որը, իմ կարծիքով, հստակ ուղղորդված էր»,- ներկայացրեց ընկերության իրավաբանը: Նա նաեւ ընդգծեց, որ ընկերությունը երբեւէ անբարեխիղճ մրցակցություն չի դրսեւորել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ դժգոհող կողմը՝ Մելինե Բեգլարյանը, ում կողմից ներկայացված դիմումի համաձայն է վարույթ հարուցվել, երեկ ներկա չգտնվեց նիստին: «Ես դրանում նույնպես միտում եմ տեսնում: Նա դիմում էր ներկայացրել, որ առանց իրեն քննեն: Եւ առանց նրա ներկայության վարչական վարույթն ավարտվեց: Մելինե Բեգլարյանի՝ նիստին չներկայանալը որոշակի կասկածների տեղիք է տալիս, որ այս ամենը ուղղորդված է»,- նկատեց Գնել Մուղնեցյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ մյուս կողմի՝ Մելինե Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ինքը նախապես դիմում է ներկայացրել Հանձնաժողով: «Ես գործի բերումով ներկա չեմ եղել նիստին: Իրենց նամակ ուղարկել էի, որ արդեն ես ասելիք չունեմ այդտեղ»,- հայտնեց Մ. Բեգլարյանը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը Մելինե Բեգլարյանից հետաքրքրվեց՝ սկզբունքային հարց թվացող խնդրին ինչու հետեւողական չեղավ եւ ինչ շահ է հետապնդում. «Ես արդեն ամեն ինչ, ինչ պետք էր, ասել եմ: Ես չեմ ուզում, որ այս թեման այդպես շահարկվի լրատվամիջոցներով: Նաեւ՝ պետք է կողմերը լրացուցիչ ապացույցներ ներկայացնեին: Բայց ես ապացույցներ չունեմ ներկայացնելու: Ի՞նչ է, ես նախապես հո՞ չգիտեի, որ իրենք պետք է կոպիտ խոսեին կամ թյուր տեղեկատվություն տրամադրեին, որ ձայնագրեի»: Այս գործով ՏՄՊՊՀ որոշումը հայտնի կլինի առաջիկայում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս