Հայաստանի նման «սահմանադրական» ու «ժողովրդավարական» երկիրը հերթական անգամ մեզ հիացնում է իր «օրինապաշտությամբ»: Որքան էլ տարօրինակ է, դրա հերթական դրսեւորումը Շիրակի մարզպետի հրաժարականն էր:
Այսպես՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հստակ նշված են մարզպետերի գործառույթները. «Մարզպետերն իրականացնում են կառավարության տարածքային քաղաքականությունը… այն իրականացնում են հետեւյալ բնագավառներում՝ ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային եւ կոմունալ տնտեսություն, տրանսպորտ եւ ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն, կրթություն եւ առողջապահություն, սոցիալական ծառայություն, մշակույթ եւ սպորտ…»: Գործառույթների թվարկումը շարունակվում է: Բայց որքան էլ կարդանք ու որոնենք, չենք գտնի մի կետ, որ մարզպետը պետք է ընտրությունների ժամանակ ձայներ ապահովի իշխանության թեկնածուի համար, առավել եւս չկա մի կետ, որ սույն առաքելությունն անհաջող իրագործելու դեպքում մարզպետը պետք է ազատվի աշխատանքից: Այնինչ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ իր հրաժարականի մասին դիմում է գրել՝ պատճառաբանելով, որ դա արել է իր կամքով եւ ասելով, որ ընդունել է իր պարտությունը:
Նախ՝ դա ոչ թե Գիզիրյանի, այլ Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունն էր, որ Շիրակի մարզում ստացավ ամենաքիչ ձայները (Ր. Հովհաննիսյանը ստացավ 67.805 (69.5%) քվե, իսկ Ս. Սարգսյանը՝ 56.729 (27%)): Եվ երկրորդը՝ պարտության մեղավորը հենց Ս. Սարգսյանն ու ՀՀ իշխանություններն էին, որ իրենց ապաշնորհ գործունեության արդյունքում իրենցից ազատվելու անհագուրդ ցանկություն են առաջացրել բնակչության մոտ: Իսկ Ա. Գիզիրյանն ընդամենը մարզպետ էր, որը պետք է մարզպետություն աներ: Եվ կարծես թե անում էր, ու վատ չէր ստացվում մոտը: Շիրակի մարզի նախորդ տարվա հաշվետվությունը կարդալով՝ տեսնում ենք, որ արդյունքները սարսափելի չեն: Իր նշանակման հենց առաջին իսկ օրերից Գիզիրյանը ձեռնամուխ է եղել Գյումրու Անի թաղամասում գործող մարզային նշանակության մարզական դպրոցի չգործող լողավազանի փոխարինմանը եւ այդ անօգուտ տարածքը դարձրել արդյունավետ:
Մեկ այլ կարեւոր ձեռքբերում. Ա. Գիզիրյանը միակը դարձավ Շիրակի մարզպետերից, որն ի զորու եղավ զսպել Գյումրու նախկին քաղաքապետ, աստվածավախ ու կրիմինալասեր Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու սանձարձակությունները: Հենց Ա. Գիզիրյանի օրոք գյումրեցիներն ազատվեցին իրենց գլխին պատուհաս դարձած քաղաքապետից:
Գիզիրյանը, համենայնդեպս, վատ մարզպետ չի եղել, եւ անկախ նրանից՝ իր կամքով է հրաժարական տվել, թե ստիպել են, բացարձակապես անտրամաբանական է, թե ինչու պետք է ձայներ չապահովելու համար հրաժարական տար:
Փաստորեն, մեր երկրում մարզպետերն ու քաղաքապետերը պետք է սպասարկեն իշխանության ներկայացուցիչներին, այլ ոչ թե ծառայեն պետությանն ու ժողովրդին, պետք է լինեն նեխած համակարգի հլու ստրուկ, այլ ոչ թե համայնքները կառավարելու ունակ եւ մասնագիտական հմտություններով օժտված կամային մարդիկ: Իսկ թե ով պետք է մարզպետություն անի կամ թե ինչ է գրված իրավական ակտերում մարզպետերի գործառույթների մասին, արդեն չի հետաքրքրում համակարգի առաջնորդներին եւ նրանց անբաժան կցորդներին:
Իսկապես որ մեր երկրում «խիարը թարս է աճում»:
ԻՍԿԱՊԵՍ ՈՐ «ԽԻԱՐԸ ԹԱՐՍ Է ԱՃՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ