Ազատամարտիկին ծեծի են ենթարկել «մայր» հայհոյելու համար. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մասնակցել էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Երթի ավատին ՀՀԿ գրասենյակի մոտ իր տեսակետն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, իսկ ահա ավելի ուշ, երբ բողոքի ակցիան ավարտվել է, ազատամարտիկը քայլելիս է եղել Աբովյան փողոցով, նրան են մոտեցել 5-6 հոգի եւ ծեծի ենթարկել: Ազատամարտիկին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ստացել էր քթի եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդեր, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ կողի կոտրվածք, գլխի վերքին դրվել էր 6 կար: Նրա վիճակը կայուն է:

Տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարություններով են հանդես գալիս դեռեւս մեկ տարի առաջ բռնության ենթարկված ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը եւ այլք: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծիք էր հայտնել, թե միջադեպը կապված է ազատամարտիկի քաղաքական պայքարի հետ. «Մի բան կարող եմ ասել՝ ինչ-որ մի ուժ կա, որ ուզում է ջնջել ազատամարտիկ անունը»: Իսկ, ահա, «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգողներից, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, ասել էր. «Եթե դուք չհայտնաբերեք մեղավորներին եւ չպատժեք, մենք ենք պատժելու»:

Իհարկե, զայրույթը հասկանալի է, պատժելու պահանջը՝ միանգամայն ընդունելի, բայց այս դեպքում զարմանալի է ազատամարտիկների ամպագոռգոռ հայտարարությունները՝ եթե մեղավորներին չհայտնաբերեն եւ չպատժեն, ապա դա իրենք կանեն: Հետաքրքիր է՝ իրենց ծեծի հարցում ազատամարտիկներն ինչո՞ւ այդպիսի համառություն չցուցաբերեցին:

Ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր՝ 2014-ի դեկտեմբերի 9-ին Ռազմիկ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը եւս ծեծի էին ենթարկվել: Նրանք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ միասին հաց էին կերել, իսկ, ահա, ավելի ուշ սկսել էին դժգոհել Սերժ Սարգսյանի կառավարման համակարգից, որին էլ հաջորդել էր հայհոյանքը: Եվ այս հայհոյանքի համար հաց ուտելուց հետո ծեծի էին ենթարկվել: Ավելին՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել էր, որ ազատամարտիկներին իր հրահանգով են ծեծել. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Այս խմորը շատ ջուր կվերցներ, եթե ազատամարտիկները որոշեին պատժել Լեւոն Երանոսյանին, սակայն նրանք բողոք չներկայացրին իրավապահներին, իսկ գործն էլ փակվեց, գնաց: Ասել է թե՝ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը դեռեւս մեկ տարի սկզբունքայնություն դրսեւորեին, անպատժելիության մթնոլորտը կփոխվեր, եւ գուցե նոր հանցանքներ չծնվեին:

Մեկ տարի անց հերթական ծեծը

Եթե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեպքում ծեծը պայմանավորված էր Սերժ Սարգսյանին հայհոյելու հանգամանքով, իր մեջ քաղաքական դրդապատճառ ուներ, ապա արդյո՞ք Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը եւս քաղաքական հիմքեր ունի: Տեղեկացնենք, որ երեկ ազատամարտիկը հայտնել է, որ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին՝ ոմն Տիգրանի, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ռուբեն Հայրապետյանն էլ, անդրադառնալով տեղեկություններին, ասել էր, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարում եւ զրպարտում է իրեն: Ավելին՝ ըստ նրա՝ ինքը Տիգրան անունով թիկնազորի անդամ չունի:

Ով է Տիգրանը

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սմբատ Հակոբյանը եւ Տիգրանն ապրում են նույն համայնքում եւ բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Եւ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել: Ասել է թե՝ ազատամարտիկի եւ Տիգրանի միջեւ անձնական խնդիրներ են եղել, որն էլ երեկ ստացել է իր հանգուցալուծումը:

Նկատենք, որ թեեւ ՀՀ ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպում քաղաքական հաշվեհարդարի հիմքերը չէր տեսել, սակայն գործը վերահսկող դատախազը, ըստ էության, վախենալով հնարավոր աղմուկից՝ ցուցում էր տվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչին փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հարուցվել է քրեական գործ: Սմբատ Հակոբյանը ճանաչվել է տուժող: Իսկ թե ովքեր են եղել Տիգրանի հետ մյուս տղաները, որոնք ծեծել են Սմբատ Հակոբյանին, եւ ինչ կպատմեն նրանք քննիչներին, ցույց կտա տարվող քննությունը: Համենայնդեպս, երեկ արդեն հերքվեց խոսակցությունները, թե բռնություն գործադրողները ներկայացել են հատուկ ծառայության աշխատակիցներ:

Անշուշտ, ծեծով հարց լուծելը մեր երկրին որեւէ լավ հանգրվանի չի մղի: Սերժ Սարգսյանի ստեղծած այս «բեսպրեդելը» պետք է ավարտվի: Այլընտրանք, պարզապես, չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս