Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին, Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Այս առիթով մեր հանրության մի ստվար զանգված համացանցային տիրույթում բուռն քննարկում է ծավալել եւ քննադատություններ հնչեցրել` նշելով, որ Արմենչիկին վաստակավորի կոչում տալը նշանակում է խրախուսել ցածրորակ երաժշտության տարածումը մեր երկրում:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մի քանի անվանի երաժիշտների հետ:
Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը, գնահատելով Ս. Սարգսյանի այս հրամանագիրը, ասաց. «Նման քայլերի հետեւանքով Հայաստանը վերածում են հայաստանչիկի, իսկ մեզ` արմյաշկեքի»: Նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է նախագահը հատ-հատ լսի կամ դիտի իրեն ներկայացրած ցուցակում ընդգրկված անձանց գործերը. «Պատկան մարմինը ներկայացրել է, նա էլ, ըստ երեւույթին, ստորագրել է: Հիմա ո՞ւմ մեղքով է այս ամենը: Իհարկե, նման երեւույթին արդարացում չկա, քանի որ սա ո՛չ ճաշակի հարց է, ո՛չ էլ կողմնակալության: Չի՛ կարելի նման կոչումներ շնորհել քածի ձայնով կլկլացնող, վայնասուն հիշեցնող «երգչին»: Իսկ եթե այս ամենը մտածված է արվում, ուրեմն դավաճաններ պետք է փնտրել ոչ թե Ադրբեջան փախած մարդկանց մեջ, այլ, կարծում եմ, հասկանում եք, թե ում մեջ…»,-մեկնաբանեց Զորիկյանը:
Իսկ, ահա, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը, պարզվում է, հարցի շուրջ բոլորովին այլ տեսակետ ունի: «Դուք տեսնում եք, չէ՞, թե Արմենչիկի համերգներին որքան շատ մարդ է գնում, ճիշտ է՝ ես չեմ գնում, բայց երբեմն հետեւում եմ հեռուստատեսությամբ, ուրեմն նա վայելում է ժողովրդի սերը»,-բացատրեց նա:
Մեր դիտարկմանը, որ նախագահի հրամանագրով է շնորհվում վաստակավորի կոչումը, ջազմենը հակադարձեց: Ներկայացնում ենք մեր հետագա երկխոսությունը:
-Նախագահը կատարում է ժողովրդի ցանկությունը, այդպես չի ստացվո՞ւմ: Ուրեմն, ինչպես ասում են, ինչ արվեստ որ սիրում ես, այդ արվեստին էլ արժանի ես: Այդպես ստացվե՞ց, ստացվեց:
-Արդյո՞ք նախագահը պետք է խրախուսի Արմենչիկի եւ նմանատիպ այլ երգիչների գործունեությունը:
-Ես ռաբիսի ամենահետեւողական հակառակորդների թվում եմ, բայց եթե կա ժողովրդի սերը եւ ցանկությունը… Հիմա եթե այդ կոչումը չտային, ժողովուրդը դուրս կգար փողոց, կասեր՝ Արմենչիկին կոչում տվեք, չէ՞:
-Դուք իրապես կարծում եք, որ կարող էր նման բան լինե՞լ:
-Չարենցը «Ամբոխները խելագարված»-ը չի գրե՞լ:
-Բայց ինչ կապ ունեն Չարենցի «Ամբոխները խելագարված»-ն ու Արմենչիկը, չեմ կարծում, թե նման ստվար զանգված հավաքվեր Արմենչիկին կոչում շնորհելու պահանջով:
-Ես իմ տարիքն առած, սխալներս արած մարդ եմ, Ձեզ խնդրում եմ` ինձ էլ հարցեր մի՛ տվեք:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ, ով, ի դեպ, ինչպես Էդուարդ Զորիկյանը, ոչ մի կոչում չունի, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քննարկվող երեւույթը օրինաչափ է, դրա մեջ որեւէ արտառոց բան չկա, եւ այն արտացոլում է մեր այսօրվա կյանքը: «Բոլորովին զարմացած չեմ, Արմենչիկը սիրված է ժողովրդի կողմից, նախագահի կողմից. հարմոնիկ է ամեն ինչ: Սա նոր բան չէ. Արմենչիկն է մեր այսօրվա երաժշտությունը, ինքն է մեր այսօրվա արվեստը, պետք չէ վրդովվել: Ժողովուրդն իրեն սիրում է. նրան ոչ թե վաստակավորի, այլ ժողովրդական արտիստի կոչում էր պետք տալ, քանի որ նա հսկայական դալիճներ է լցնում եւ, ընդհանրապես, ջահել աղջիկների համար սեքս-սիմվոլ է. սրա մասին մտածեք, ոչ թե այն մասին, թե ինչու են այդ կոչումը տվել»,-նշեց երգչուհին:
Իսկ մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն Արմենչիկն էլ վաստակավորի կոչում ունի, իսկ ինքը` ոչ, Պիպոյանը պատասխանեց. «Իմ ինչի՞ն է պետք կոչումը, ծիծաղելի է այդ ամենը, ես նույնիսկ ամենամյա մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ չներկայացա, չվերցրի մրցանակը, ինձ այդպիսի բաները բոլորովին չեն հետաքրքրում»:
ՍՈՒԼՈՑՆԵՐ` «ԽՈՒԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ» ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Jazz Parking Երեւանում» համերգը՝ նվիրված Հայաստանի անկախությանը: Համերգի կազմակերպիչ, «AZD Production»-ի գլխավոր տնօրեն եւ պրոդյուսեր Հայկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ համերգը հնարավորություն կտա միավորել հանդիսատեսին, կենդանի հնչողությամբ վայելել միջազգային մրցույթների մասնակից հայ երգիչների կատարումները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հանդիսատեսի շարքերում գտնվող Մարիամ Մոմջյանը խոստովանեց, որ համերգի` այդքան սպասված օրը դարձել էր իր համար ամենազարհուրելի օրերից մեկը:
«Այդ օրվան շատ եմ սպասել, կարելի է ասել` մեկ տարի: Երբ արդեն ներկայացա համերգին, եւ բոլորը տեղավորվել էին, մենք սկսեցինք սպասել համերգի մեկնարկին: Սպասեցինք տասը րոպե, երեսուն, քառասուն եւ զգում էինք, թե ինչպես է մարդկանց համբերության բաժակը լցվում: Մի կին կանչեց օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակցին ու հարցրեց` որքան կարելի է դիմանալ, ասաց` այս ի՞նչ է` ձե՞ռք եք առնում, ինչո՞ւ չեք սկսում համերգը: Աշխատակիցը բացատրեց, որ տեխնիկական խնդիրներ կան: Կինն էլ թե` բոլորս վեր ենք կենում եւ գնում, այս ի՞նչ խուժան վերաբերմունք է: Դահլիճն անդադար սուլում էր: Մի պահ ինձ զգացի ցույցի վայրում»,-պատմեց Մարիամը:
Նրա խոսքով` դրանից հետո բեմ է բարձրացել հաղորդավար Արման Մարգարյանը: Մարդիկ այնքան բարձր են սուլել եւ բղավել, որ նա վախից հետ է գնացել: Վարագույրների ետեւից հաղորդվել է, որ համերգը կսկսվի երեք րոպեից: Նախատեսված 19:00-ի փոխարեն համերգը մեկնարկել է 20:05 րոպեին: Եվ այդ ժամանակ տեղի է ունեցել ամենախայտառակ դրվագներից մեկը: «Հաղորդավարները` Արման Մարգարյանը եւ Jazz Parking նախագծի երաժշտական պրոդյուսեր, ջազ երգչուհի Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը, մեկը մյուսից անտեղյակ` սկսեցին հաղորդել երգիչ-երգչուհիների անուններ, որոնց փոխարեն, սակայն, այլ արտիստներ էին բեմ դուրս գալիս»,-նշեց Մարիամը:
Նրա խոսքով` ձայները, որոնք էկրանից այն կողմ հնչում են հրաշալի, համերգի ընթացքում բաս-կիթառի եւ հարվածային գործիքների բարձր ձայնից խլացել էին. «Խեղճ երգիչներն իրենց ձայնալարերը պատռեցին բեմի վրա»,-ասաց Մարիամը:
Նա պատմեց նաեւ, որ համերգը դեռ չավարտված, հաղորդավարները` բեմում, մարդիկ հեռանում էին դահլիճից:
«Իսկ ամենացավալին այն է, որ ես այդպես էլ չլսեցի այդքան երկար սպասված ջազ երաժշտությունը»,- եզրափակեց Մարիամը:
Հիշեցնենք, որ համերգին մասնակցել են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկը, Լիա Սարկիսյանը, Ալբերտ Մուսաելյանը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Հայկ Մովսիսյանը (Music Hayk), Սյուզի Մխիթարյանը, Էդվարդ Խաչարյանը, Արտյոմ Կաչարյանը, Էդգար Հակոբյանը, Գայանա Զախարովան:
Համերգի հատուկ հյուրերն են եղել Շուշան Պետրոսյանը եւ Ալին Գոյանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՌՈՍԼԻՆԸ` ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Թորոս Ռոսլինի հեղինակած ութ պատկերազարդ էջեր պահպանության կհանձնվեն Լոս Անջելեսի Գեթթի թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, 13-րդ դարի ստեղծագործությունների պահպանության վստահումը ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններից մեկին դարձավ Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու եւ Գեթթի թանգարանի համագործակցության արդյունք: Ութ թերթերին պատկերված խորանները կազմում են Զեյթունի Ավետարանի մի մասը: Համաձայն թվագրության` դրանք 13-րդ դարի հայ անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի վաղ աշխատանքներից են:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ` «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ո՞ՒՄ
«Եվրատեսիլ» երգի մրցույթի գործընկեր wiwibloggs.com-ը իր էջում ցանկություն ու ենթադրություն է հայտնում, որ առաջիկա «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Աղբյուրը գրում է, որ Պեպելյանը իր Wednesday Wishlist-ում է` մի ցուցակում, որում առաջարկվում են ցանկալի մասնակիցներն այս կամ այն երկրից:
Եվրատեսիլյան բլոգի գնահատմամբ` Պեպելյանը իր «երազանքների երգչուհին» է «Եվրատեսիլում», քանի որ սոցցանցերում ունի հետեւորդների մեծ բանակ, իսկ վերջերս էլ Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել wiwivision 2015-ի համար:
Աղբյուրի կարծիքով՝ Քրիստինե Պեպելյանը ռոմանտիկա եւ սեքսուալ գրավչություն է ճառագում, բացի այդ՝ ունի մեծ թվով մրցանակներ:
Եվրատեսիլյան բլոգը առաջարկում է նաեւ, որ ընթերցողները կարծիք հայտնեն, թե ում են ցանկանում տեսնել 2016-ի «Եվրատեսիլում»:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Սեպտեմբերի 20-ին «E! Online» հեռուստաալիքով մեկնարկել է «Keeping up with Kardashians» ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին սերիան նվիրված էր Քիմի, Քլոեյի, Քանյեի եւ Նորթի՝ ապրիլին Հայաստան կատարած այցին: Հայտնի քույրերը հեռուստադիտողին պատմել են, որ շատ են կարեւորում այցը պապենական հայրենիք, քանի որ դա իրենց հոր` Ռոբերտ Քարդաշյանի ցանկությունն էր: Առաջին սերիայի ընթացքում պատմում են Քիմի երկրորդ հղիության, ընտանիքի` կարպետի գործարան եւ Գյումրի կատարած այցելության մասին: Ցուցադրվում է նաեւ Քարդաշյանների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի առջեւ: Անդրադարձ կա նաեւ Քանյե Ուեսթի` Թումո կատարած այցին:
Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցին նվիրված եւս երեք սերիա կցուցադրվի առաջիկայում: