Արմենչիկի արարքը` ցուցադրական ու նվաստացուցիչ, թե՞ «թասիբով» քայլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ համացանցում հայտնվեց ամիսներ առաջ վաստակավորի կոչում ստացած ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի (Արմեն Գոնդրաչյան) մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա Քարվաճառում օգնություն է բաժանում զինվորներին եւ երգում, հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ: Մեր հայրենակիցների մի ստվար զանգված սոցցանցերում սկսեց քննադատել նրա այդ քայլը` զինվորներին հերթ կանգնեցնելն ու ամեն մեկին տոպրակով օգնություն բաժանելը, այն տեսանկարահանելն ու համացանցում տարածելը որակելով որպես ցուցադրական եւ զինվորների համար նվաստացուցիչ երեւույթ:

Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ով ի դեպ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլից սկիզբ առած լարված իրավիճակից հետո հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով` ընդգրկելով նաեւ հանրության այն զանգվածներին, որոնք իրենց հնարավորությունների չափով ցանկություն են հայտնել օգնելու հայ զինվորներին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն զինվորի մի փոքր տոպրակ օգնություն հանձնելու գործընթացը նկարահանելն ու տարածելը տգեղ երեւույթ է. «Երբ մենք զինվորների համար անձրեւանոցներ էինք հավաքում, ՊՆ պաշտոնյաների կողմից խիստ զայրացած եւ մեղադրական ելույթներ հնչեցին. նրանք նշում էին, թե բանակը ապահովված է նման իրերով: Բայց մենք հո չէի՞նք ասում, թե դա այդպես չէ, հո չէի՞նք մեղադրում, ընդամենը փորձում էինք մեր չափով օգնել: Հիմա այդ պաշտոնյաները թող ուշադրություն դարձնեն Արմենչիկի արարքին: Չէ՞ որ մեր երախտապարտությունը հայ զինվորներին պետք է հայտնենք հարգանքով, առանց նրանց արժանապատվությանը դիպչելու»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ երբ իրենք օգնություն են տարել Արցախ, այն հանձնել են տվյալ զորամասի հրամանատարին: Նկարչուհու խոսքով` նույն կերպ կարող էր վարվել նաեւ Արմենչիկը:

Զ. Մուրադյանը նաեւ նշեց, որ որոշ քաղաքացիներ իրեն մեղադրել են զինվորներին ուղղված օգնությունը հանրայնացնելու համար եւ շեշտեց. «Ես հաշվետու եմ հանրության այն զանգվածների առաջ, որոնք օգնել են զինվորներին, այդ պատճառով էլ հրապարակում եմ որոշ տեղեկություններ»:
Պետք է նկատել նաեւ, որ համացանցում քիչ չեն Արմենչիկին պաշտպանողները: Նրանցից ոմանք տարածել են այն տեսանյութը, որտեղ Արմենչիկը երգում է զինվորների եւ կամավորականների համար` մեկնաբանելով, որ երգիչն իր դրսեւորումներին համապատասխան եւ իր «հասկացածի չափով» փորձել է օգնել զինվորներին: Երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանը, օրինակ, Զարուհի Մուրադյանի հետ ֆեյսբուքյան բանավեճում նկատել է. «Հայրենական պատերազմի օրերին էլ ռազմաճակատ էին մեկնում ամենատարբեր որակի երգիչ-երաժիշտներ, գուսաններ, աշուղներ` զինվորների ոգին բարձրացնելու համար…Հիմա այս տղան արել է իր սրտից բխածը… Մի՞թե արժե այդքան քարկոծել»:
Սրան ի պատասխան՝ Զ. Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տատիկն էլ եղել է ջազ երգչուհի եւ Հայրենական մեծ պատերազմի օրերին գնացել է ռազմաճակատ ու երգել զինվորների համար, բայց չի բարձրաձայնել այդ մասին, ոչ էլ երբեւէ անդրադարձել է իր տարած օգնությանը:

Արմենչիկին պաշտպանողների շրջանում իշխում է նաեւ մեկ այլ կարծիք, ըստ որի՝ 2010-ին երգչի` Ստեփանակերտում նախատեսված համերգի ձախողումից հետո Արցախ մեկնելու եւ զինվորներին օգնություն ցուցաբերելու նրա քայլը «թասիբի» նշան է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս