ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի գլխավոր ինտրիգներից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` երեկ՝ ուշ երեկոյան, նախատեսված հանդիպումն էր: Արեւմտյան քարոզչությունը օրնիբուն խոսում է այն մասին, որ Ուկրաինայում երկու տարի առաջ սկսված ճգնաժամից ի վեր Պուտինի վարած քաղաքականության արդյունքում միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը հետզհետե թուլանում է, որ տնտեսական պատժամիջոցները առաջիկա մեկ-երկու տարում վերջնականապես ծնկի կիջեցնեն ռուսական տնտեսությունը, որ Ուկրաինայի հետ վարվող հիբրիդային պատերազմը ուր որ է` կջլատի Ռուսաստանի ուժերը, եւ որ այդ ամենի արդյունքում Մոսկվան մեկը մյուսի հետեւից կկորցնի իր ազդեցության գոտիները: Սրան ի հակառակ, սակայն, Ռուսաստանը, փաստորեն, ամրապնդեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում եւ բացահայտորեն եւս մեկ ձեռնոց նետեց Բ. Ասադի ռեժիմի տապալումը գերխնդիր դարձրած Արեւմուտքին` ցույց տալով, որ Ռուսաստանին աշխարհի գերհզորների ցուցակից հանողները խիստ շտապել են:
Եվ, ահա, Ուկրաինայի «փլատակների տակ» ռուսական տնտեսության «մահը» կանխատեսող քաղաքական իդեոլոգներին նոր հիասթափություն էր սպասվում` ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտին-Օբամա հանդիպման մասին տեղեկատվության տեսքով: Իհարկե, ամերիկացիները ամեն կերպ փորձում են այս հանդիպումը ներկայացնել որպես ռուսական կողմի տեւական խնդրանքների արդյունք, սակայն թե՛ Վլադիմիր Պուտինի` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթը` դրանում տեղ գտած առավել քան հստակ եւ վճռական շեշտադրումներով, թե՛ ամերիկյան հետուստաընկերություններին նախօրեին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականները` ինչպես ԱՄՆ վարած արտաքին քաղաքականության, այնպես էլ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում Կրեմլի դիրքորոշման, եւ, ի վերջո, անձամբ իր եւ Օբամայի փոխհարաբերությունների մասին, կարծում ենք, առավել քան հստակ ցույց տվեցին, որ Օբամա-Պուտին հանդիպումն այս իրավիճակում Միացյալ Նահանգներին եւս խիստ անհրաժեշտ էր:
Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ անդրադառնալով Մերձավոր Արեւելքում առկա լարված իրավիճակը ստեղծողներին եւ ահաբեկչության տարածողներին, ասել է. «Քաղաքական, սոցիալական խնդիրներն այս տարածաշրջանում վաղուց են առաջացել, եւ մարդիկ այստեղ վաղուց էին փոփոխություններ ցանկանում: Բայց ի՞նչ ստացվեց գործնականում: Ագրեսիվ միջամտությունը բերեց նրան, որ ռեֆորմի փոխարեն ավերածություններ եղան»: Ուշագրավ էր այս խոսքերից հետո Պուտինի հնչեցրած հարցը. «Մեծ ցանկություն կա նրանց հարցնելու, դուք հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք»: Եւ իսկապես: