ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«Ազատության» տեղեկացմամբ` Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ցավում է անցած երեքշաբթի օրը Փարիզում` Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման համար ու դատապարտում այն: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես` Հայ դատի գրասենյակի եւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից կազմակերպված «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ապագայի հեռանկարները» խորագրով միջոցառման ժամանակ: Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ՝ դահլիճում ներկա երկու ադրբեջանցիներ սադրանքի են դիմել. նրանք նախ ոտքի չեն կանգնել, երբ լռության րոպե է հայտարարվել Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակին, ապա հայտարարել, թե ոտքի կկանգնեն «Խոջալուի զոհերի համար»: Դրան հետեւել է ծեծկռտուքը, ի վերջո, ադրբեջանցիները դուրս են բերվել: Հայկական կողմի վկայությամբ՝ ադրբեջանցիներն իրենք են հրահրել ծեծկռտուքը՝ առաջինը հարվածներ հասցնելով միջոցառման կազմակերպիչներին:

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՐԳՈՒՄ Է
Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Ռուբեն Հախվերդյանի՝ երեկ Ազատության հրապարակի հարթակից արված այն հայտարարության հետ,  թե «ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մա՞րդը պետք ա մեզ ղեկավարի»: Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ հարգում է «համաքաղաքացու» եւ մյուս ՀՀ քաղաքացիների՝ ազատ խոսք ասելու իրավունքը:

ԿԻՐԱԿԻ ԿՈՐՈՇԻ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա բացօթյա ասուլիսում տեղեկացրել է, որ կիրակի օրն է որոշելու Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը: «Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը մենք խորհրդի կարգով կքննարկենք հայ ժողովրդի հետ, եւ ես կիրակի օրը վերջնական որոշումը կկայացնեմ»,-նշել է նա:

ԷԼԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը երեկ հերթական անգամ հարցաքննության է հրավիրվել ԱԱԾ, սակայն, օգտվելով  իր իրավունքից, կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը։

ԼԵՎՈՆԸ ՉԳՆԱՑ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չգնաց  Սբ. Սարգիս եկեղեցի եւ չմասնակցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին մատուցվող պատարագին: Բայց նրա փոխարեն Սբ. Սարգիս էին գնացել որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը, եւ Լեւոն Զուրաբյանը, որն էլ գլխավորեց երթը դեպի Մյասնիկյանի հրապարակ:




Լրահոս