Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ասրյանը հակամարտության մեջ է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ «Կոնվերս բանկ»-ի Աբովյան մասնաճյուղի հետ: Բանն այն է, որ դեռեւս 2013 թվականին Նաիրի Ասրյանը 44 գրամ ոսկի է գրավադրել վերը նշված բանկում, բարեխղճորեն կատարել է վարկային պարտավորությունները, սակայն երբ եկել է ժամանակը` ոսկին գրավադրումից հանելու համար, բանկը հրաժարվել է այն տալ: Պատճառը ԴԱՀԿ-ի կողմից Ասրյանի դրամական հաշիվների վրա դրված կալանքն է:
«Ժողովուրդ»-ին դիմած Նաիրի Ասրյանը պատմեց, որ ինքը 2013 թվականի մարտի 27-ին որդու ուսման վարձը մուծելու նպատակով բարեկամներից վերցրել է 44 գրամ ոսկի եւ տարեկան 24 տոկոս դրույքով գրավադրել «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղում:
«Բարեխղճորեն կատարել եմ բանկի հանդեպ ունեցած իմ պարտականությունները, սակայն 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին արգելանք է դրվել իմ դրամական միջոցների վրա՝ ճանապարհային ոստիկանության արագաչափերի տուգանքների համար: Այս ընթացքում «Կոնվերս բանկ»-ում ինձ ասացին, որ վարկի մարումը հնարավոր է միայն երաշխավորի միջոցով, ով հանդիսացավ իմ կինը՝ Արփինե Միքայելյանը: Այս տարվա ապրիլի 2-ին ողջ վարկը երաշխավորի միջոցով պարտաճանաչորեն մարվեց»,- պատմեց Ասրյանը: Սակայն չնայած դրան` ըստ մեզ դիմած քաղաքացու՝ ԴԱՀԿ-ի կողմից դրված արգելանքի պատճառով նա հետ չի կարողանում ստանալ իրեն պատկանող զարդեղենը: Նախ պետք է արգելանքը վերացնել, ինչն անելու համար վերջինս գումար չունի: «Ես ՀՀ ոստիկանության թոշակառու եմ եւ հնարավորություն չունեմ մեկ միլիոն դրամի հասնող տուգանքներ մուծել եւ արգելանքները հանել: Իսկ այդ ոսկին իմ բարեկամներինն է, եւ այն չհանելու պատճառով իրար հանդեպ թշնամանքով ենք լցվել»,- ցավով նկատեց մեր զրուցակիցը:
Վերջինս դիմել է ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից ի պատասխան՝ նշել են հետեւյալը. «Բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով ԿԲ-ն համապատասխան հարցում է կատարել «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին, որին ի պատասխան՝ բանկը հայտնել է, որ ԴԱՀԿ-ի կողմից ստացվել է Ձեր միջոցների վրա արգելանք դնելու թվով 76 որոշում: Ելնելով այն հանգամանքից, որ Դուք բանկում դրամական միջոցներ չեք ունեցել, արգելանք է դրվել Ձեր ոսկյա իրերի վրա՝ համաձայն ԴԱՀԿ ծառայության: ԿԲ-ն Ձեր կողմից բարձրացված խնդրում իրավասու չէ օժանդակել Ձեզ»:
Այս խնդրի շուրջ Նաիրի Ասրյանը գրավոր դիմել է նաեւ Սերժ Սարգսյանին, որի աշխատակազմից հայտնել են, թե իրենց իրավասությունների շրջանակներից դուրս է միջամտել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի գործունեությանը:
Իսկ ինչպես է ստացվել, որ Ասրյանն այդքան մեծաթիվ տուգանքներ է հավաքել: Բանն այն է, որ նա տաքսու վարորդ է եւ մշտապես իր մեքենան կայանում է Երեւանի Ագաթանգեղոսի 29 հասցեում, որտեղ չկան տեղադրված «Կանգառ» արգելող եւ «Կայանում» նշանները: «Ծուղակ են ստեղծել վարորդների համար եւ միլիոնների հասնող տուգանքներ են գրում: Մենք ամիսներ, տարիներ շարունակ կայանել ենք այդտեղ, բայց չենք իմացել, որ մեզ տուգանում են՝ առանց զգուշացնելու: Իսկ երբ իմացանք, դիմեցինք ՃՈ, բայց ապարդյուն: Ոչ ոք չի բերում եւ այդ նշանները չի տեղադրում»,- ներկայացրեց Ասրյանը: Իսկ թե որն է պատճառը, որ մեզ դիմած քաղաքացին ժամանակին չի մուծել ՃՈ-ից ստացված տուգանքները, ինչի արդյունքում այսօր դրանք տույժերի հետ միասին հասել են աստղաբաշխական թվերի, այս հարցի հետ կապված Նաիրի Ասրյանի կինը՝ Արփինե Միքայելյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք ապրում են մի հասցեում, սակայն գրանցված են մեկ այլ հասցեի վրա, որտեղ տարիներ առաջ են ապրել: «Նախկինում ՃՈ-ի տուգանքների մասով ծանուցումներն ուղարկվում էին հին հասցեով, եւ դրանք մեր ազգականները մեզ էին փոխանցում, սակայն որոշ ժամանակ անց գժտությունների պատճառով այդ ծանուցումները մեզ չէին հասնում: Եթե ոսկու գրավը հետ վերցնելու խնդիրը չլիներ, ապա մենք այդպես էլ չէինք տեղեկանա, որ խոշոր չափի գումար ունենք վճարելու, իսկ հաշիվներն էլ արգելանքի տակ են: Միլիոնների են հասնում այդ տուգանքները: Սկզբում 76 էր, հետո դարձավ 117 վարույթ՝ 1 մլն 282 հազար 500 դրամ: Եւ այսքան գումարը մենք պետք է վճարենք ճանապարհային ոստիկանությանը: Բայց մենք դիմում գրեցինք՝ ուղղված ՃՈ եւ տեղեկացրեցինք, որ մեր բնակության վայրը փոխվել է: Բայց միեւնույն է՝ ծանուցումները կրկին ՃՈ-ն ուղարկում էր հին հասցեով»- ներկայացրեց տիկին Միքայելյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղի հետ, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Այս հարցը նույնիսկ ողջ բանկի իրավասությունների մեջ չի մտնում: Իր պարտավորությունները եթե վճարի, այսինքն՝ այդ արգելանքները հանվեն, ապա տվյալ քաղաքացին կկարողանա իր գրավադրված ոսկին հետ վերցնել: Օրենքը թույլ չի տալիս առանց իր մյուս պարտավորությունները մարելու բանկում գրավադրած իր մյուս արժեքները հետ վերադարձնել»:
«Ժողովուրդ»-ը տուժած քաղաքացուց տեղեկացավ նաեւ, որ դրամական հաշիվների վրա արգելանք դրվելուց հետո իր երկու ամսվա թոշակը (նա իր թոշակը քարտային տարբերակով է ստանում) ԴԱՀԿ-ն «քաշել է». «Իհարկե, դրանից հետո չեն ծանուցել՝ թե ո՞ր տուգանքի համար են քաշել, պարտքի որքա՞նն է մարվել»: Ի դեպ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 3.1 կետի համաձայն՝ պետական կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը: ԴԱՀԿ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք չի կիրառվել, այլ պարտապանի բանկային հաշիվների վրա: Ըստ ԴԱՀԿ-ի՝ նմանատիպ դեպքերում պարտապանը պետք է ԴԱՀԿ ծառայությանը տեղեկացնի, որ այդ հաշվեհամարով ստանում է իր կենսաթոշակը, որպեսզի արգելանք կիրառվի օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ 30 տոկոս չափով:
Իսկ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքացին այս հարցով մոտենա իրեն՝ խնդիրն ուսումնասիրելու համար:
Վերջում նշենք, որ հուսահատված քաղաքացին պատրաստվում է հացադուլ սկսել կենտրոնական բանկի առջեւ: Ահա, այսպիսի «Ապահով Հայաստան», որտեղ յուրաքանչյուր քայլի ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ