Արմեն Ջիգարխանյանը դարձավ 80 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է: Հոկտեմբերի 3-ին դերասանը դարձավ 80 տարեկան:

Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС – государственный институт театрального исскуства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։

1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։

1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի «Վազք» ներկայացումներում։ 1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК – Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվկանին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում։ Վերջինիս մասին պատմում է ինքը՝ Արմեն Բորիսովիչը.

Aquote1.png «…Ես խաղում եմ Կրեպին, մեկուկես ժամ բեմում լիակատար միայնության մեջ, միայն ձայնարկիչի հետ։ Ցավում եմ, որ հնարավորություն չկա, որպեսզի Կրեպի մոտ քիթը, ինչպես սիֆիլիտիկի մոտ, կախվի՝ այն աստիճան փտում և քայքայվում է այդ մարդը… Ես նրան խաղում եմ առանց ատամների, իմ պրոթեզները հանում եմ…»։

Բացի այդ, Ջիգարխանյանը զբաղվաց է նաև անտրեպրիզային ներկայացումներում։ Նա խաղացել է Լենկոմի բեմում։ Այստեղ դերասանի կողմից խաղացվել են Գեներալը «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ՝ ըստ Ֆյոդոր Դոստոևսկու «Խաղացողը» պիեսի և Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի մեջ գլխավոր հերոսի դերը, ներկայացումը գնում է «Միլլիոնատերերի քաղաքը» անվանումով։

1999 թվականին ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստանում է «Գրին-քարտ»՝ մշակույթի ականավոր գործիչների համար։ Յոթսենյականոց բնակարանը Ամերիկայում նրան է նվիրում երկրպագուն[3]։ Այդ պահից ապրում է երկու երկրում։ Տարվա մեջ երեք-չորս ամիս, սովորաբար ամառ և աշնան սկիզբը, ապրում է Դալլասի մոտակայքում գտնվող Հառլենդում (ԱՄՆ, Տեխաս նահանգ), իսկ սեպտեմբերից մինչև մայիս ապրում է Մոսկվայում։ Սուրբ Ծննդյան տոները սովորաբար անց է կացնում Տեխասում, որտեղ նրա կինը՝ Տատյանան, ռուսերեն է դասավանդում համալսարանում։

Ջիգարխանյանի դուստրը՝ Ելենա Ջիգարխանյանը, մահացել է 1987 թվականին 23 տարեկան հասակում, դժբախտ պատահարի արդյունքում. շմոլ գազից թունավորվել է ավտոմեքենայում[4]։

2006 թվականին Արմեն Ջիգարխանյանը մասնակցություն է ունենում «Դարի ստորագրությունը» գրքի հրատարակման նախապատրաստական աշխատանքներում։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։




Լրահոս