Քոչարյանի շուրթերից առկա համակարգին տրված գնահատականն ավելի շատ այդ համակարգի օգտին է աշխատում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակի հրապարակումից եւ այն ԱԺ-ում հաստատվելուց հետո երեկ, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր գնահատականը երկու ամսից հանրաքվեի դրվող նախագծի շուրջ: Ու թեեւ նախկին նախագահի բացասական դիրքորոշումը որեւէ մեկի համար նորություն չէր, սակայն երեկվա իր գնահատականներում Քոչարյանն աննախադեպ կտրուկ էր: Իր մեկ հարցանոց հարցազրույցում նա օգտագործել է այնպիսի ձեւակերպումներ, որոնք այլեւս տեղ չեն թողնում կասկածների համար, թե միգուցե Ռ. Քոչարյանը կգերադասի չխոչընդոտել Սահմանադրության նոր նախագիծը կյանքի կոչելու` Սերժ Սարգսյանի ծրագրին: «Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները»: «Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»- հայտարարել է նախկին նախագահը:

Հիմնավորելով իր մտահոգությունները` նա նշել է, թե նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում: «Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների»,-զգուշացրել է Քոչարյանը, ով, հիշեցնենք, հրապարակավ խոստովանել է, որ ժամանակին ինքն էր միանձնյա կազմում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, ուստի քաջատեղյակ է իր նշած «իրողություններին»:

Շարունակելով` Քոչարյանը նշում է. «Հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը՝ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Սա արդեն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմքին շպրտված բացահայտ ձեռնոց է, որով, փաստորեն, Քոչարյանը համալրում է «արատավոր համակարգի վերարտադրության» դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատում գտնվող ընդդիմադիր առաջնորդների շարքը: Մինչ այս հենց Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են Սերժ Սարգսյանի իշխանությունը բնութագրել «արատավոր» մակդիրով:

Իհարկե, Քոչարյանի շուրթերից առկա համակարգին տրված նման գնահատականն ավելի շատ այդ համակարգի օգտին է աշխատում: Բնականաբար Քոչարյանի շրջապատում սա հստակ գիտակցում են, եւ թերեւս հենց սա է պատճառը, որ մինչ օրս Քոչարյանն այդպես էլ բացահայտ կերպով չի մտել քաղաքական խաղի մեջ: Սակայն ներկայիս իրավիճակում, երբ, ըստ էության, դրված է Ռոբերտ Քոչարյան նախագահի թեկնածուի լինել-չլինելու հարցը, նա կա՛մ պետք է արդեն բացահայտ կերպով` իր ձեռքի տակ գտնվող ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներով առաջ տանի իր ոչ-ը, կա՛մ էլ համակերպվի արդեն ոչ այդքան «երիտասարդ թոշակառու»-ի` իր այլեւս անփոփոխելի կարգավիճակին:




Լրահոս