ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռը ունենալու է շատ որոշակի քաղաքական արձագանք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր հրապարակեց թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավճիռը: Հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում այս գործի նկատմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուշադրությունը չափազանց մեծացել է, ու թեեւ գործի քննությունն ավարտվել էր դեռ այս տարվա հունվարի 28-ին, այսօր հրապարակվելիք դատավճռի բովանդակությունը միանգամայն անկանխատեսելի է:

Հիշեցնենք, որ Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ հերքել էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը՝ այն անվանելով «միջազգային սուտ», ինչի կապակցությամբ 2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` նրան ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Սակայն 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի՝ շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Նկատենք, որ այն ժամանակ հայկական կողմի արձագանքը տարակուսելիորեն պասիվ էր, եւ եթե Շվեյցարիան ինքը հետամուտ չլիներ իր իրավունքների վերականգնմանը եւ չդիմեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով, դժվար թե հայկական կողմից ջանքեր գործադրվեին եվրադատարանի այս վիճահարույց վճիռը շտկելու ուղղությամբ:
Ներկայումս Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ, ճիշտ այնպես, ինչպես եւ Թուրքիան: Ըստ ամենայնի` հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պատճառով հայկական կողմից բավականին լուրջ ուժեր ներգրավվեցին այս գործում` ի դեմս Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեֆրի Ռոբերտսոնի եւ միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիի եւ Թոբի Քոլիսի:

Եվ որքան էլ ՄԻԵԴ-ը ապաքաղաքական կառույց է, եւ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձեւակերպմանն ու Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, Մեծ պալատի կողմից այսօր հրապարակված վճիռը ուղենիշային է դիտվելու եւ ունենալու է շատ որոշակի քաղաքական արձագանք` ինչը է՛լ ավելի է ընդգծվելու հենց Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում:




Լրահոս