Գյումրիում ավազակային հարձակումներ անող խմբի անդամներից մեկը 21 տարեկան աղջիկ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Գյումրիում ավազակային խումբը պլանավորված գողություն է կատարում քաղաքի բնակիչների բնակարաններից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ավազակային խումբը գողություն էր կատարել ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանի Շիրակի մարզի օգնական Նարինե Աբգարյանի բնակարանից: Ի դեպ, Նարինե Աբգարյանի ամուսինը` Արթուր Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի տարածքային կառույցի տնօրենն է:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արթուր Մանուկյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի՝ դեպքի օրը ընտանիքի անդամները տանը չեն եղել. «Օգոստոսի 5-ին է եղել դեպքը, կինս աշխատանքի էր, ես՝ նույնպես, իսկ երեխաներս Մոսկվայում են եղել: Մայրիկս էլ մյուս եղբորս տանն էր: Ցերեկվա ժամը 14:00-ի սահմաններում տան կողպեքը ջարդելով մտել էին տուն, տանից տարել էին ոսկյա զարդեր եւ 7000 դոլար գումար, որը իմ տարիների աշխատած գումարն էր: Ախր, նպատակի համար էինք հավաքել: Աղջիկս իրավաբան է ցանկանում դառնալ, եւ այդ գումարը վարձի համար էինք հավաքել: Ինչ ասեմ, ամենազարմանալին այն է, որ գողությունը կատարողը եղել է Գյումրիում ռեստորանի, ավտոլվացման կետի սեփականատիրոջ՝ Սամվել Ջանոյանի որդին` Գոռ Ջանոյանը, հայտնի, ունեւոր մարդիկ են»:

Արթուր Մանուկյանի խոսքերով՝ ինքը եւ իր կինը հաճախ են օգտվել Ջանոյանների ավտոլվացման կետից. «Միգուցե այդ ժամանակ էլ մեքենայում բանալիներ են եղել, վերցրել են, չնայած դռան կողպեքը կոտրել էին: Եղել էին երեք հոգով: Շենքի բակում տեսախցիկներ կային, որոնք ցույց էին տվել, թե քանի հոգի են եղել: Չգիտեմ՝ ինչո՞ւ ցանկացան այսպիսի վատություն անել, թշնամանք չեմ ունեցել ոչ մեկի նկատմամբ, մարդիկ ինձ միշտ տեսնում, բարեւում են, մենք այդ մարդը չէինք: Ձեզ ասեմ, որ հանցագործները բավականին հաշվարկվածն են գործել: Ուրեմն, Ջանոյանների ռեստորանի մոտ ես վարսավիրանոց ունեմ եւ դեպքի օրը՝ հենց այն ժամին, այնտեղ կանգնած եմ եղել: Դե, տեսեք, թե ինչ հաշվարկ են արել՝ իմանալով՝ ես ուր եմ, կինս ուր է, ու գործի էին անցել»:

Արթուր Մանուկյանի խոսքերով՝ հոկտեմբերի 11-ին իրեն հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին եւ հայտնել, որ գողություն կատարողներին հայտնաբերել են. «Ինձ իրավապահները հայտնեցին, որ դեռ քննչական գործողություններ պետք է իրականացնեն: Մի խոսքով, բնակարանիցս տարած գումարի, ոսկյա զարդերի մասին տեղեկություն չկա: Ինձ իմ բնակարանից տարած իրերի ճակատագիրն է հետաքրքրում: Դրանով իմ երեխաների ապագան է որոշվում, իսկ թե իրենց ինչ պատիժ կհասնի, Աստված իրենց հետ»:

Հավելենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավազակային խմբի մեջ կա 21 տարեկան մի աղջիկ:

Քնար Մանուկյան




Լրահոս