Երեկ հայտնի արձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ, թույլ չտալով բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը, Հայաստանի դատարանները խախտել են Սաղաթելյանի արդար դատավարության իրավունքը։
Հիշեցնենք, որ 2004թ-ին որոշում էր կայացվել Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես դատավոր աշխատելու ժամանակահատվածում կեղծիքներ կատարելու պատճառաբանությամբ։
Սակայն դեռ այն ժամանակ մամուլում գրվեց, որ իրականում Սաղաթելյանը պատժվել է.«Առանց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ համաձայնեցնելու՝ ինքնուրույն վճիռ կայացնելու համար, ինչի արդյունքում Հարությունյանը շտապել է հանդուգն դատավորի հարցը բարձրացնել Ռոբերտ Քոչարյանի առջեւ: Դրա հետեւանքը եղավ այն, որ Սաղաթելյանին չկարողացավ փրկել անգամ հիվանդության մասին պաշտոնական փաստաթուղթը, եւ նա «բյուլետենը» ձեռքին` անհապաղ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Հետագայում անհնազանդ դատավորի հայցը առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր քննել` պատճառաբանելով, որ նախագահի հրամանագրերն ընդատյա չեն ընդհանուր իրավասության դատարաններին։ Վճիռը բեկանվել էր վերաքննիչ դատարանում, սակայն վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռը պետք է ուժի մեջ մնա: Եվ, ահա, ՄԻԵԴ-ի նախօրեին կայացրած այս վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվել է նախկին դատավորին 4900 եվրոյի փոխհատուցում վճարել: Այսպիսով` ստացվում է, որ Ռ. Քոչարյանի ապօրինի, սակայն Դ. Հարությունյանի ենթակայության տակ գործող դատական համակարգի համար անբեկանելի համարվող այս հրամանագրի համար պետք է վճարենք մենք` ՀՀ շարքային քաղաքացիներս:
Եթե Քոչարյանի` ժողովրդավարության եւ անկախ դատական համակարգի մասին վերջին հարցազրույցում արտահայտած մտքերը հարուցում են ՀՀ քաղաքացիների վրդովմունքը, որը սակայն չի կարող առավել առարկայական դրսեւորում ունենալ, քանի որ Քոչարյանը պաշտոնից հեռացել է, ապա նրա «ֆավորիտներից» Դ. Հարությունյանը, ում անմիջական գիտությամբ է տեղի ունեցել Սաղաթելյանի շուրջ այս ողջ ապօրինի գործընթացը, ներկայումս էլ զբաղեցնում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի բարձր պաշտոնը` իրավական իր գերճկուն ծառայությունները մատուցելով արդեն ներկայիս իշխանություններին: Ընդ որում, նկատենք, որ վերը բերվածը այն մի քանի տասնյակ վճիռներից մեկն է, որոնցով անցած երեք տարիներին ՄԻԵԴ-ը արձանագրել է հենց արդարադատության նախարար Դ. Հարությունյանի օրոք տեղի ունեցած ապօրինությունները: Ուստի ժամանակն է, որ բարձրացվի հարցը ոչ միայն Հարությունյանին եւ նրա մեղսակից գործընկերներին պաշտոնանկ անելու, այլեւ ՄԻԵԴ սահմանած փոխհատուցումները նրանց իսկ գրպանից վճարելու մասին: