ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲԱՌՆ ԻՆՔՆԻՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիրակի օրը Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց քաղաքացիական ֆորումը, որը վարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ստվերային կառավարություն կազմելու առաջարկին եւ նշեց, որ իրենք մոտ 70 անուն են գրել, որոնք պոտենցիալ ունեն եւ կարող են դառնալ ստվերային կառավարության անդամ: 
Պատգամավորը նշեց նաեւ անուններ` Վլադիմիր Կարապետյան, Միքայել Հայրապետյան, Արտակ Զեյնալյան, Բորիս Նավասարդյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Լեւոն Բարսեղյան (իրավապաշտպան, Գյումրի), Վահան Խաչատրյան` «ԳԱԼԱ»-ի հիմնադիր, նախկին դատավոր Պարգեւ Օհանյան, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Աշոտ Բլեյան, Լիլիթ Գալստյան, նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյան, Վաղարշակ Հարությունյան, Սամվել Մարտիրոսյան,  Խաչատուր Սուքիասյան, Մանվել Սարգսյան,  Էդգար Վարդանյան, ռեժիսոր Արա Շիրինյան, Դավիթ Սանասարյան, լրագրող Հակոբ Բադալյան, Ստեփան Դեմիրճյան, փաստաբաններ Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյան, Կարապետ Ռուբինյան, Ժիրայր Սէֆիլյան եւ այլք: «Ժողովուրդ»-ը զրուցել է նշված անձանցից մի քանիսի հետ:
Իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
-Պարո՛ն Զեյնալյան, Ձեր անունը նշվել է ստվերային կառավարության կազմում: Դուք ի՞նչ պաշտոնի ակնկալիք ունեք այդ կառավարությունից:
-Ստվերային կառավարություն չի ստեղծվել, ստվերային կառավարության կազմ չի հայտարարվել, դա իրենց տեսակետն է, իրենց համոզմունքն է, ինչի իրավունքը նրանք ունեն: Նիկոլ Փաշինյանը լավ է արել. դա իրենց իրավունքն է, որեւէ կառավարություն ստեղծված չէ, եւ որեւէ պաշտոն որեւէ մեկը չի կարող ակնկալել… 
-Իսկ նախքան Ձեր անունն Ազատության հրապարակում հնչեցնելը Ձեզ հետ որեւէ զրույց, քննարկում ունեցե՞լ են այդ առիթով: 
-Իրենք ազատ են դա անել եւ արել են, համաձայնեցնելու որեւէ բան չկա, չէ՛, որեւէ քննարկում չի եղել այդ առումով: Ամեն ինչ նորմալ է:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
-Պարո՛ն Նավասարդյան, ստվերային կառավարությունում Դուք որեւէ պաշտոն պահանջե՞լ եք, ըստ Ձեզ՝ ի՞նչ պաշտոն եք Դուք զբաղեցնելու:
-Ես ակնկալիք չունեմ, քանի որ մտադիր չեմ, նույնիսկ բացառում եմ իմ մուտքը քաղաքականություն կամ որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու առումով: Չնայած շնորհակալ եմ, որ ինձ հիշեցին ու իմ անունը տվեցին, բայց ես շահագրգռված չեմ եւ, բնականաբար, որեւէ պաշտոնի ակնկալիք չունեմ:
Նախկին դատավոր ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆ
-Պարո՛ն Օհանյան, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր՝ ստվերային կառավարության կազմում լինելը, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ կառավարությունից:
-Ես շրջանցեմ Ձեր հարցը. պրովոկացիոն հարց եք տալիս: Այսօր իմ հույսը միայն Աստվածն է: Նշեմ, որ «ստվերային» բառն ինձ դուր չի գալիս. այն, ինչը ստվերային է, կարծում եմ՝ անգամ հասարակությունը չի սիրում: Ստվերային ասելով ի՞նչ ենք հասկանում… ստվերային տնտեսություն: Բայց դե Նիկոլի պարագայում շատ ուրիշ է, քանի որ ես Նիկոլին շատ ընդունում եմ… Եթե այդ կառավարության նպատակը ոչ թե ընդդեմ իշխանության է, այլ աջակցություն իշխանությանը… Ես քաղաքագետ չեմ, բայց որքան գիտեմ, նման նախադեպեր կան, որ, այսպես ասած, ընդդիմադիր ֆորմատն իշխանությանը դառնում է ալտերնատիվ, այսինքն՝ իշխանությունը հաշվի է նստում նրա հետ, նույնիսկ կոալիցիա է ստեղծում: Այսինքն՝ այդ մարմինը օգնում է իշխանությանն արտաքին մարտահրավերների հաղթահարման գործում: Ինչպես ասում են, այդ դեպքում ես իմ ներդրումը կունենամ:
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
-Պարո՛ն Բլեյան, Ձեր անունը եւս նշվել է որպես ստվերային կառավարության ներկայացուցիչ: Դուք ի՞նչ պաշտոնում եք Ձեզ այնտեղ տեսնում:
-Ես նախարար եղել եմ, չէ՞, հիմա ինչի՞ ակնկալիք ունենամ. վարչապետի՞, նախագահի՞: Ես այժմ զբաղեցնում եմ Հայաստանում ամենաբարձր պոստը: Հայաստանում լուրջ փոփոխությունների ակնկալիք, որը բոլորին վերաբերվի, ոչ միայն ունեմ, այլեւ ինձանից կախվածն անում եմ այդ ուղղությամբ: Բայց պաշտոնն ի՞նչ ակնկալիք է, հո ես չտե՞ս չեմ: Ես պաշտոնի ակնկալիք չունեմ:
Հ.Գ. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը վերջին ժամանակներս խուսափում է զրուցել լրագրողների հետ: Երեկ եւս նրա հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ ու ասաց, որ Սէֆիլյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս