ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 15-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ինչպես արդեն հայտնի է, բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացված Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին: 
Դրա հենց հաջորդ օրը, անդրադառնալով Վ. Ղուկասյանի հարցազրույցին, Գյումրու քաղաքապետի լրատվական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է. «Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու մտքի փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձեւաչափով, եւ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ, այլ ընդամենը կա երեք էական հանգամանք: Առաջին. անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, եւ Գյումրիի քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից եւ խայտառակի գյումրեցու բարի համբավը: Երկրորդ. կա մի այսպիսի ասացվածք. պետք չէ վիճել հիմարների հետ, նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգիսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ, ի տարբերություն Սարգիսի, որը բարի էր եւ ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) եւ անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է…»:
Քաղաքապետարանի լրատվական ծառայության նամակին ի պատասխան՝ Ս. Բալասանյանի հասցեին վիրավորանքներով առլեցուն հայտարարություն է տարածել Վ. Ղուկասյանի գրասենյակը, որում, թերեւս, կա նաեւ սպառնալիք. «Հրապարակային բանավեճից փախած ու ԶԼՄ-ների մեջքի ետեւում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս»:
Խնդիրը, սակայն, սոսկ փոխադարձ վիրավորանքները չեն, որը կարող ենք եւ համարել նրանց գործը: Գյումրու քաղաքապետի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ ակնհայտորեն կա Վ. Ղուկասյանի հասցեին ուղղակի մեղադրանք եւ հաղորդում հանցագործության մասին. «Ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) եւ անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է…»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ոստիկանությունը հանցագործության մասին վերոնշյալ հաղորդմանն արդյոք ընթացք տալու է: Վարչությունից մեզ տեղեկացրին, որ դեռ անցյալ տարվանից Գյումրու քաղաքապետարանի հետ կապված քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») հատկանիշներով, եւ այդ քրգործի շրջանակներում ուսումնասիրվել եւ ուսումնասիրվելու են իրավապահներին հետաքրքրող բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ` հափշտակության հետ կապված հարցերը: ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնի կողմից նշանակվել են տարբեր փորձաքննություններ, այդ թվում նաեւ` ֆինանսատնտեսագիտական, որը կատարել է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Փորձաքննության արդյունքները, որոնցում արձանագրված են բազմամիլիոն դրամի չարաշահումներ, արդեն տրամադրվել են ոստիկանությանը: Նախաքննությունը շարունակվում է, եւ հնարավոր են նոր բացահայտումներ:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս