ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ՞ ՀԱՄԱՐ, ԹԵ՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շատերի համար դեռեւս գաղտնիք է, թե ինչ հարցեր են քննարկվել Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում, ու արվում են ամենատարբեր ենթադրություններ: 
Օրինակ՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, 2012թ. փետրվարի 12-ից պաշտոնապես որպես Վլադիմիր Պուտինի վստահված անձ գրանցված Սերգեյ Մարկովը հարցազրույց է տվել ադրբեջանական Vesti.az ինտերնետային կայքին: Ադրբեջանցի լրագրողը, Մարկովին հարց տալով, ասել է՝ փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ մոսկովյան հանդիպման ժամանակ  Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը ցանկացել է պարզել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ Վ. Պուտինի արձագանքը: Ս. Մարկովն այդ հարցին պատասխանել է. «Համարում եմ, որ  հանդիպման ժամանակ չի վճռվել Խոջալուի (Ստեփանակերտի-Ո. Ս.) օդանավակայանի՝ շահագործման հանձնելու հարցը: Կողմերը, իմ կարծիքով, քննարկել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նախագահական ընտրությունների լեգիտիմությանն աջակցելու հարցը: Դա ավելի շուտ փոխադարձ հարաբերությունների քննարկում էր»: 
Իսկ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը Մոսկվայում կայացած հանդիպման մասին մասնավորապես հայտնում է. «Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկեր եւ դաշնակից երկու պետությունների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վ. Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այցի համար եւ, նկատի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո սա Սերժ Սարգսյանի առաջին արտերկրյա այցն է, եւս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ այդ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ՌԴ նախագահի խոսքով՝ մոտ 60% քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ՀՀ նախագահն իր առջեւ դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը»: 
Ի՞նչ է ստացվում. Պուտինը Ս. Սարգսյանին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ պաշտոնապես նրա վստահված անձ ճանաչված  Սերգեյ Մարկովի կարծիքով՝ քննարկվել է Հայաստանի նախագահական ընտրությունների լեգիտիմությանը Ռուսաստանի կողմից աջակցելու հարցը: Քիչ հավանական է, որ ադրբեջանական կայքն աղավաղել է հարցազրույցը, քանի որ  տեղեկատվության հրապարակումից 3 օր է անցել, բայց այն հերքելու փորձեր չեն արվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս