ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն ներկայացրած ցանկի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ բյուջե վճարելով շուրջ 31 մլրդ դրամ հարկ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ հորիզոնականում է՝ 19 մլրդ դրամով: Որոտանի ՀԷԿ-ը երրորդն է` 16,7 մլրդ դրամով:
Ցանկում ընդգրկվել են համապատասխանաբար`«Ղ-Տելեկոմը» 13,74 մլրդ դրամ վճարած հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 13,73 մլրդ դրամով, «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 11,95 մլրդ դրամով, Արմենիա տելեֆոն կոմպանին՝ «ԱրմենՏելը» ՝ 11,8 մլրդ դրամով:
«Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը 10,1 մլրդ դրամ հարկ է վճարել բյուջե, «Ֆլեշ» ընկերությունն էլ` 9,3 մլրդ դրամ: 10-րդ խոշոր հարկատուն «CPS» ընկերությունն է՝ 6,8 մլրդ դրամով: