ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեր երկրում երեւի արդեն բոլոր յուղոտ հողատարածքները, շինությունները, բիզնեսի ոլորտները բաժանված են, հիմա էլ որոշել են բաժանել… գերեզմանատները: Այո՛, այո՛, գերեզմանատները:
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում սկզբունքորեն ընդունելի է համարել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից առաջարկվող մասնավոր գերեզմանատների ներդրման գաղափարը: Նշված պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության հավանությանն արժանացած եզրակացությունն արդեն ուղարկվել կամ օրերս ուղարկվելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Ավելին, ԱԺ նախագահին հասցեագրված նամակով հայտնվել է նաեւ, որ ՀՀ կառավարությունում մշակվել եւ այժմ քննարկման փուլում է գտնվում համանման օրենքի նախագիծ, այսինքն` այն, ինչ ներկայացրել են պատգամավորները, հիմնականում կառավարության սրտով է: Ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի ընդունման դեպքում ինչ-ինչ անձինք, որոնք, կարծում ենք, կանգնած են առաջարկվող օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների հետեւում, կկարողանան իրենց բիզնեսին ծառայեցնել մասնավոր գերեզմանատները: Ընթերցողներից յուրաքանչյուրը, թերեւս, արդեն պատկերացնում է առաջարկվող նորամուծության բարոյական լինել-չլինելը:
Մեր համոզմամբ` մասնավոր գերեզմանատների ներդրման, այսինքն` գերեզմանատունը բիզնեսի միջոցի վերածելու գաղափարը սկզբունքորեն անընդունելի է, հասարակական հատվածում գոնե երկու բան` եկեղեցին եւ գերեզմանատունը, ընդհանրապես չպետք է ունենան մասնավոր բնույթ: Մարդը, լույս աշխարհ գալով, անհավասարության եւ անարդարության մեջ է հայտնվում ծննդատնից սկսած, հետո նախակրթարանում ու դպրոցում, բուհ ընդունվելիս եւ ուսանելիս, աշխատանքում: Հիմա էլ սպասվում է տարբերակում. փողատերերի համար մասնավոր գերեզմանատանը հանգուցյալին հուղարկավորելու հնարավորություն, իսկ սոցիալապես անապահովների համար` ճանապարհ միայն պետական գերեզմանատուն: Պարզ է, որ ֆինանսական բավարար միջոցներ ունեցող մարդիկ իրենց մերձավորներին մասնավոր գերեզմանատներում հուղարկավորել պետք է ցանկանան հիմնականում այն պատճառով, որ մասնավոր գերեզմանատները քաղաքի համեմատաբար կենտրոնական հատվածում են լինելու:
Հակառակ դեպքում դժվար թե որեւէ մեկը նախընտրի օգտվել մասնավոր գերեզմանատան ծառայությունից` պաշտոնապես լուրջ գումարներ վճարելով այնտեղ իր մերձավորին հուղարկավորելու համար, երբ կարող է այդ նույն հուղարկավորությունն իրականացնել պետական գերեզմանատանը: Այստեղ, գործող օրենքի համաձայն, անհատական գերեզմանի դեպքում 2,5 քմ, ընտանեկան գերեզմանի պարագայում` 12 քմ մակերեսով հողատարածքը, ի տարբերություն նախատեսվող մասնավոր գերեզմանատների, տրամադրվում է անվճար:
Քանի որ մասնավոր գերեզմանատները քաղաքի ծայրամասում հիմնելու պարագայում իրենց իմաստը կկորցնեն` բավարար պահանջարկ չունենալու առումով, ապա, բնականաբար, հարց է առաջանում` եթե պետությունը եւ համայնքը քաղաքի համեմատաբար կենտրոնամերձ հատվածներում ունեն ազատ տարածքներ, որոնք սկզբունքորեն կարող են հատկացնել գերեզմանատների համար, ապա ինչո՞ւ այդ նույն պետությունը եւ համայնքը չեն հիմնում գերեզմանատներ, այլ առաջիկայում` նախագծի ընդունման դեպքում, 49 տարով հողատարածքներ են վարձակալության տալու մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու ցանկություն ունեցողներին (միամիտ չլինենք ու չկարծենք, թե բոլոր ցանկացողներին):
Մեր ժողովրդին զզվեցրած ու զայրացրած արտոնյալների կամ յուրայինների համար հիշյալ օրենսդրական փոփոխության դեպքում բավական յուղոտ պատառ կստեղծվի, քանի որ, այդ գերեզմանատների կազմակերպման համար առանձնապես մեծ ներդրումներ չկատարելով (հո շենք չե՞ն կառուցելու), նրանք այնտեղ հուղարկավորվող հանգուցյալների մերձավորներից լուրջ գումարներ ձեռք բերելու հնարավորություն կստանան: Ինչ-ինչ, բայց, դատելով ներկա իրավիճակից, առաջիկայում էլ մահացողների պակաս չի լինի: Սակայն հաշվարկը, կարծում ենք, միայն դրա վրա չէ կառուցված…
Ինչպես հայտնի է, Երեւանի գերեզմանատների մի մասն արդեն փակ է, մյուս մասն էլ հաճախակի կատարվող հուղարկավորությունների հետեւանքով ոչ հեռավոր ապագայում կհայտնվի նույն կարգավիճակում: Գերեզմանատներում այլեւս տեղ չի լինի: Իհարկե, հանգուցյալի դին տանը չի մնա. որպես այլընտրանք՝ կառաջարկվի մեր քրիստոնեական հավատամքին անհարիր դիակիզումը (հիշյալ օրենքի անվանումից ակնհայտ է, որ այն վերաբերում է նաեւ դիակիզարանների շահագործմանը): Մարդիկ դա չեն ցանկանա, խնդրեմ` մասնավոր գերեզմանատունը կա ու կա, միայն թե` վճարի՛ր: Հիմա արդեն պատկերացրի՞ք, թե մասնավոր գերեզմանատանը հողահատկացման համար հետագայում ինչ վճարներ կարող են սահմանվել, եւ ինչպես կարող է ծաղկել այդ գերեզմանատները շահագործողների բիզնեսը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս