Յուրի Վարդանյանի պաշտոնավարման օրոք նախարարությունից հեռացված աշխատակցի առեղծվածային վերադարձը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքից հեռացված աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն այս հոկտեմբերի 27-ից դարձյալ վերադարձել է նույն պաշտոնին, միայն` դեռեւս պաշտոնակատարի կարգավիճակում: Այս վերանշանակումը հետաքրքրական է, քանի որ Վահե Էլոյանի եւ նախկին նախարար Յուրի Վարդանյանի միջեւ ընդհարումը հասավ մինչեւ վարչական դատարան, եւ Էլոյանը դատի տվեց Վարդանյանին ու ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհատական իրավական ակտը՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը: Հիշեցնենք, որ նախկին նախարար Յուրի Վարդանյանը 2013-ի կառավարության նիստերից մեկի ժամանակ օրակարգ էր մտցրել Էլոյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու առաջարկ՝ նշելով, որ նա դիմում է գրել։

Հետո պարզվեց, որ Էլոյանը որեւէ դիմում չի գրել, Վարդանյանն ստիպված եղավ հայտարարել, որ բանավոր փոխպայմանավորվածություն էր եղել։ Իսկ նախարարի եւ իր ենթակայի միջեւ հակասություններն առաջացել էին Վարդանյան-Ծառուկյան հակամարտության հողի վրա․ զբաղեցնելով սպորտի նախարարի պաշտոնը՝ Յուրի Վարդանյանը հայտարարել էր, որ ոլորտում թելադրողն ինքն է լինելու, ապա լծվել էր ՀԱՕԿ-ի ղեկավար Ծառուկյանի «մարդկանցից» ազատվելու գործին։ ԲՀԿ-ականների բարձրացրած աղմուկի եւ պայքարի արդյունքում նախարարն ազատվեց աշխատանքից եւ աքսորվեց Վրաստան՝ դեսպան։ Մեզ հետ զրույցում Էլոյանն ասաց, որ հոգնել է այս թեմայով խոսելուց եւ որ ոչ թե վերականգնվել է, այլ վերանշանակվել, ինչը նշանակում է, որ դատարանով չի կատարվել նշանակումը, այլ ԲՀԿ-ի ռեաբիլիտացիայի շրջանակներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս