Հայկական կողմի` ոչինչ չտվող արձագանքը ԵԽԽՎ-ին. ի՞նչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից նախօրեին Ռոբերթ Ուոլթերի հեղինակած խայտառակ զեկույցի ընդունումից եւ այն ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանում ներառելուց հետո հայկական կողմի արձագանքը, մեղմ ասած, անհամարժեք էր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն իրենց ձախողման եւ, ըստ էության, ցուցաբերած անգործության համար սեփական պատասխանատվության մասին խոսելու փոխարեն հանդես եկան ԵԽԽՎ-ի մասին վիրավորական հայտարարություններով՝ այն համեմատելով Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ: Իրականում նման արձագանքը ոչ միայն ոչինչ չտվող է, այլեւ կարող է բարդացնել մեր պատվիրակության հետագա աշխատանքն այս կառույցում:

Այս հարցում ուշագրավ էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության իներտ կեցվածքը, ինչպես նաեւ հենց Ղարաբաղի իշխանությունների արձագանքը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, թե Ուոլթերի զեկույցը փոշոտվելու է ԵԽԽՎ արխիվում, եւ դրա մասին որեւէ մեկը չի հիշելու:

Հակառակ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների՝ այս անհասկանալի (գուցե միայն տեսանելի) հանգստությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգվել է այս զեկույցի ընդունմամբ: Ամերիկացի համանախագահը երեկ իր Թվիթերի միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»: Իսկ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանն էլ Ուորլիքն ասել է, որ իրենք ծանոթացել են ԵԽԽՎ-ի զեկույցին եւ «կողջունեն ղարաբաղյան բանակցությունների նկատմամբ մոտեցման հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողների եւ շահագրգռված անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը»:

Ակնկալել, որ Ուորլիքի այս հայտարարությունը կարող է էական ազդեցություն ունենալ հայկական կողմի համար խայտառակ ձեւակերպումներով հարուստ այս զեկույցի` հունվարին կայանալիք քննարկումների ընթացքի վրա, իհարկե, միամիտ մոտեցում է: Սակայն Ուորլիքի նման արձագանքն, ըստ էության, հայկական կողմի համար պետք է որ ազդանշան լինի` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա հնարավոր բոլոր տարբերակներով ներազդելու եւ նաեւ այս խողովակով առաջիկայում այդ տխրահռչակ զեկույցի եթե ոչ ամբողջությամբ տապալմանը, ապա առնվազն դրա Հայաստանի եւ Ղարաբաղի համար անընդունելի եւ վտանգավոր ձեւակերպումների փոփոխությանը հասնելու համար:

Այսպիսով` Ուորլիքն ինքն է բացել այն դուռը, որը Հայաստանի դիվանագիտությունը պետք է ամենայն ուժգնությամբ թակեր դեռեւս նախորդ տարի` պահանջելով թույլ չտալ այս անընդունելի եւ հարյուր տոկոսով հակահայկական զեկույցի ի հայտ գալը:




Լրահոս