Ուորլիքն իրավունք չունի Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով խորհուրդ տալ. Ադրբեջանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ որևէ չնչին առաջընթացի չեն հասել Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իրավունք և հիմքեր չունի խորհուրդ տալ կարգավորման հարցով այլ կազմակերպություններին»: Այս մասին Trend.az-ին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմետ Գաջիևը:

«Մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավասար է եղել զրոյի: Այլ միջազգային կառույցների համար, որոնք փորձում են ներդրում ունենալ կոնֆլիկտի կարգավորման հարցում, անհրաժեշտություն չկա խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ովքեր զբաղվում են անիմաստ գործունեությամբ»,-ասել է Գաջիևը:

«Նման անարդյունավետ գործունեությունը շահավետ է Հայաստանին, որը շարունակում է իր զավթողական քաղաքականությունն ու ձգտում է պահպանել ստատուս-քվոն»,-հավելել է Գաջիևը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով ԵԽԽՎ բանաձևի մասին մեկնաբանել էր թվիթերի իր էջում, որում, մասնավորապես, խորհուրդ տվել բանաձևի ընդունումից առաջ խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս