Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաքուն խիստ քննադատել է ապրիլի 30-ին ընդունված բանաձևը՝ այն որակելով որպես «անհիմն և կողմնակալ»։ Դեսպանին փոխանցվել է պաշտոնական բողոքի նոտա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ փաստաթղթում ներառված դրույթները «խեղաթյուրում են իրականությունը» և հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։
Հաղորդագրության մեջ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հարցին՝ նշելով, թե նրանք «կամավոր» են լքել տարածաշրջանը, իսկ հակառակ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Բացի այդ, Բաքուն անընդունելի է համարել ռազմագերիների ազատ արձակման կոչերը՝ ընդգծելով, որ դատապարտված անձինք մեղադրվում են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, դիվերսիայի և ռազմական հանցագործությունների մեջ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանը, իր պնդմամբ, մարդասիրական քայլեր է ձեռնարկել՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների։
Ադրբեջանական կողմը մերժել է նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն։
Հանդիպման ընթացքում ԵՄ ներկայացուցչին կոչ է արվել զերծ մնալ նման քայլերից՝ նշելով, որ դրանք կարող են բացասաբար ազդել Ադրբեջան–ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացի վրա։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է հայ գերիների պահումը Ադրբեջանում և կոչ անում նրանց անհապաղ ազատ արձակել։
Հաղորդագրությունը ամբողջությամբ ստորև․
«ԱԳՆ-ն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևը, որը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կողմնակալ դրույթներ։ Այդ կապակցությամբ մյուս կողմին է հանձնվել բողոքի նոտա։
Տվյալ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։
Չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրության համապատասխան ներկայացված վերաինտեգրման պլանին, հայ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր, իսկ հակառակի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ռազմագերիների արձակման կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։ Ադրբեջանը դրսևորել է մարդասիրություն՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների և ձեռնարկելով վստահության ամրապնդման քայլեր, մինչդեռ այն անձինք, որոնց նկատմամբ կայացվել են դատական վճիռներ, կատարել են ծանր հանցագործություններ, ներառյալ՝ ահաբեկչություն, դիվերսիաներ և ռազմական հանցագործություններ։
Մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղադրանքները լիովին անհիմն են և անընդունելի և ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ եվրոպական ինստիտուտները պատշաճ նշանակություն չեն տալիս օկուպացիայի ժամանակաշրջանում Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնամասշտաբ ավերման և պղծման փաստերին»։
Անի Վարդանյան




























