Անակնկալ այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից օրերս ընդունված «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ զեկույցին:
Ասուլիսի ընթացքում նախ այդ զեկույցից իր խորին դժգոհությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հատկապես ռուսերենով ընդգծելով, որ զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի ադրբեջանական կապերի, այդ երկրում նրա ունեցած բիզնես հետաքրքրությունների մասին բազմիցս գրել է հենց բրիտանական մամուլը, եւ դա նկատի առնելով՝ խոսել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ մտցված այդ զեկույցի հեռավոր իսկ անաչառության մասին, պարզապես անհնար է:
Ինչից հետո ՌԴ ԱԳ նախարարը միջամտել է` ընդգծելով, որ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել.«Մենք` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, հաստատապես դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում հետեւողական, գործնական եւ համբերատար երկխոսության փոխարեն փորձեն այս թեման տեղափոխել տարաբնույթ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ:
Համենայնդեպս, միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք նման հանձնարարություն չի տվել։ Համանախագահները աշխատում են կողմերի պայմանավորվածության հիման վրա, որը հավանության է արժանացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Լեռնային Ղարաբաղի խնդրում այս եռյակն է հանդիսանում լիազորված միջնորդը, եւ ցանկացած կտրուկ գործողություն՝ անկախ այն բանից, թե ով է հեղինակլը, միայն վնասում է գործին եւ համանախագահներին»,- հայտարարել է Լավրովը` այդպիսով, ըստ էության, երկրորդելով ամերիկյան կողմի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախօրեին արած հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»:
Դժվար է ասել՝ արդյոք հենց դա էր Լավրովի` Երեւան կատարած անսպասելի այցի բուն նպատակը, թե կային նաեւ շատ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Սիրիայի թնջուկը կամ հայ-իրանական համագործակցության խորացման` Ռուսաստանին անհանգստացնող միտումները, սակայն արդեն իսկ այն փաստը, որ Լավրովը Երեւանում, այն էլ այդքան միանշանակ եւ անառարկելի ձեւակերպումներով ներկայացրեց ոչ միայն Ռուսաստանի, այլեւ, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի եռանախագահ երկրների միասնական տեսակետը հայկական կողմի համար, անշուշտ դրական քայլ է, թեեւ փոքր-ինչ ուշացած: Մնում է, որ այսպիսի քաղաքական աջակցություն ստանալուց հետո հայկական դիվանագիտությունը կարողանա մինչեւ հունվար արդյունավետ աշխատանք տանել` ներազդելու համար այս ամոթալի զեկույցի քվեարկության արդյունքների վրա: